Մատչելիության հղումներ

Արմեն Աղայան. «Իշխանափոխության անսահման ցանկությունը մեզ հիմք չի տալիս անհեթեթ գործողությունների դիմել»


«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանն այսօր էլ չի հերքում, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու իրենց ցանկությունն «անսահման է», բայց, նրա խոսքերով, «անգամ այդ անսահմանությունը մեզ հիմք չի տալիս անհեթեթ գործողությունների դիմել»:

«Բոլորիս համար ակնհայտ է, դրա մասին հայտարարել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը. զենքով պետական մեքենայի դեմ դուրս գալը անհեթեթություն է, ինքնասպանության նման մի բան է, անարդյունավետ պայքարի միջոց է», - ընդգծեց Աղայանը հինգշաբթի օրը կայացած ասուլիսում:

Սեֆիլյանի պաշտպաններ Վահե Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը վստահություն հայտնեցին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը անհիմն է: Բացի այդ, պաշտպանները պնդում են, որ դատավարության ընթացքում պարբերաբար ոտնահարվում են պաշտպանական կողմի իրավունքները:

Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իր հերթին, պնդեց, որ նախաքննության մարմինը խաբեությամբ է ցուցմունք վերցրել Մալխասյանից, թե իր հայտարարություններն արել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն «նա իրեն մեղավոր չի ճանաչել առհասարակ, նա ընդամենը ափսոսանք է հայտնել արտահայտությունների համար»:

Ըստ Արա Զաքարյանի, «վեց ամիս նախաքննություն իրականացնելու իրական պատճառն այն էր, որ առնվազն մինչեւ ընտրությունները մեր պաշտպանյալները գտնվեն կալանքի տակ, եւ գործը գտնվի նախաքննության փուլում»:

Իսկ Սեֆիլյանի խնդրանքի իրականացումը, այն է` դատավարությանը զուգահեռ կազմակերպել հասարակական դատ, Արմեն Աղայանի խոսքերով, չի բացառվում: Նա վստահեցրեց, որ եթե որեւէ մեկը պատրաստակամություն հայտնի հանդես գալ այդ դատի ընթացքում, ապա դրա կազմակերպման աշխատանքը կարագացվի. - «Բնականաբար, մենք որոշակի դժվարություններ ունենք դատախազի հարցում. հրավիրում ենք բոլոր այն կուսակցություններին, քաղաքական գործիչներին, նույնիսկ պետության ներկայացուցիչներին, ովքեր համոզված են, որ այս քրեական գործի մեջ ինչ-որ քրեական տարր կա, եւ պատրաստ են գալ եւ լրագրողների, իրավապաշտպանների եւ մյուսների ներկայությամբ պաշտպանել մեղադրական կողմի դիրքերը»:

Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ հանդիպելու են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին` քննարկելու Քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը, այդ թվում այն հոդվածների, որոնցով մեղադրվում են Սեֆիլյանը եւ Մալխասյանը:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորների համախմբում» շարժման ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ: Նրանք, ինչպես նաեւ «Հայ կամավորների համախմբման» մեկ այլ անդամ` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ մեղադրվող Վահան Արոյանը, ձերբակալվել են անցած տարվա դեկտեմբերին:

Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի նկատմամբ դատավարությունը երկու անգամ հետաձգվելուց հետո ի վերջո սկսվել է հուլիսի 11-ին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG