Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներ. «Ցավոք, նախագահներին չհաջողվեց հաղթահարել դեռեւս առկա տարաձայնությունները»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան ուրբաթ օրը Վիեննայում հանդես են եկել հայտարարությամբ:

«[Սանկտ Պետերբուրգում կայացած] հանդիպման ժամանակ [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահները կենտրոնացրին իրենց քննարկումը Lեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներ շուրջ համաձայնության ճանապարհին ծառացած սակավաթիվ խոչընդոտների վրա: Ցավոք, նախագահներին չհաջողվեց հաղթահարել դեռեւս առկա տարաձայնությունները», - ասված է հայտարարության մեջ. - «Այսպիսով, կողմերը մոտենում են 2008 թվականին` Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների տարուն, երբ, ինչպես վկայում է փորձը, առաջընթացին ուղղված փոփոխությունները կմնան ընտրական քարոզարշավների ստվերի տակ»:

Համանախագահները նշում են, որ կողմերը վերջերս «ցուցադրեցին իրենց հասարակություններին խաղաղ համաձայնությանը նախապատրաստելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու իրենց կարողությունը` կազմակերպելով հայ եւ ադրբեջանցի մտավորականների խմբի այցելությունը Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու». - «Համանախագահները ողջունում եւ բարձր գնահատականի են արժանացում այդ իրադարձությունը` որպես փոխադարձ վստահությունը վերականգնելուն ուղղված քայլ»:

«Ցավոք, համանախագահներին մտահոգում են ներկայիս որոշ զարգացումները, որոնք, իրենց կարծիքով, չեն նպաստում բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գործին: Այդ զարգացումներից են ուժ կիրառելու սպառնալիքներով ռազմատենչ հայտարարությունները, որոնք վտանգավոր պատրանք են ստեղծում, թե պատերազմը կարող է հակամարտության կարգավորման տարբերակ լինել», - ասված է հայտարարությունում: -

Համանախագահները անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում կայանալիք ընտրություններին: Վերհիշելով Lեռնային Ղարաբաղում նախկինում կայացած քվեարկությունների հետ կապված իրենց հայտարարությունները` համանախագահները կրկնում են, որ «միջազգային հանրության մյուս անդամների նման, իրենց պետությունները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, եւ որ նման «ընտրությունները» չպետք է որեւէ ազդեցություն ունենան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա»:

Համանախագահները շեշտում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջնային դերակատարությունը Lեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջնորդության հարցում: Նրանք նաեւ նշում են, որ «այլ կազմակերպություններում միակողմանի նախաձեռնությունները կարող են սրել լարվածությունը եւ խափանել բանակցային գործընթացը»: Ուստի նրանք հորդորում են կողմերին` «առաջիկա ամիսներին իրենց ուշադրությունը սեւեռել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG