Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետ է նշանակվել Լիդա Նանյանը


Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ Լիդա Նանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետի պաշտոնում 59-ամյա Լիդա Նանյանի թեկնածությունը առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:

Մինչեւ նոր նշանակումը Նանյանը ղեկավարել է Հայաստանի հարկային պետական ծառայության Գյումրիի կառույցը: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է:

Հայաստանի նոր կառավարության ձեւավորումից առաջ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը:

Լիդա Նանյանը առաջին կին մարզպետն է Հայաստանում:

Նորանշանակ մարզպետին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«[Նոր մարզպետը] պետք է այնպիսի մարդ լիներ, որը ընդունված է բոլոր ուժերի կողմից», - իր խոսքում ասաց Աբրահամյանը: - «Գիտեք, այստեղ մեծ լարվածություն կա [Շիրակի] մարզպետարանի եւ [Գյումրիի] քաղաքապետարանի միջեւ, որը վնաս էր բերում ընդհանուր մեր գործին: Ես համոզված եմ, որ տիկին Նանյանը եւ Ղուկասյանը Վարդանը եւ բոլոր համայնքի ղեկավարները շատ համերաշխ կաշխատեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG