Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իսկական իրավունք»-֊ի մեկնաբանը, պնդելով, որ մայիսի 12-ի «ընտրությունների արդյունքներից եւ հանրապետականների էյֆորիայից արդեն իսկ փչում է միակուսակցական համակարգ ստեղծելու քամին», զուգահեռել է. - «Խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն՝ ՀԿԿ թե ՀՀԿ. մեկ տառի տարբերություն է, մեկ էլ տարբեր է դրոշի գույնը»։ «Ո՞վ է մեղավորը» հարցին մեկնաբանը պատասխանել է. - «Պարզ է, որ այսպիսի իրավիճակ ստեղծվել է հիմնականում ընդդիմության մեղքով, քանզի ամբիցիոզ, ինքնահավան եւ ստվերային ոչ այնքան մաքուր գործարքների հակված կուսակցապետերի շնորհիվ փոշիացվեց, եւ ժողովրդի լեզվով ասած՝ «շան ու գելի բաժին դարձավ» նույնքան ձայն, որքան իր բոլոր ֆոկուսներով ստացել էր ՀՀԿ-ն։ Եվ նման է, որ 2008-ին այդ պատմությունը նորից կրկնվելու է որպես ֆարս, զի արդեն մայիսի 13-ին ընդդիմադիր դաշտում չէր զգացվում այն գործիչների պակասը , ովքեր հայտարարեցին 2008-ի նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու մասին»։

«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Ռոբերտ Քոչարյանը, որպես պարտված կողմ, ստիպված է խաղալ Սերժ Սարգսյաի թելադրած կանոններով», պարզաբանել է. - «Սերժ Սարգսյանը հիմա պետք է բոլորին ցույց տա, որ իրականում ինքն ու Քոչարյանը «ախպերներ են», իրենց միջեւ ոչ մի պրոբլեմ չկա, Հայաստանում ոչինչ չի փոխվել, կառավարությունը դարձյալ կոալիցիոն է լինելու եւ այլն։ Այսինքն՝ պիտի մինչեւ 2008 թվականը հանդարտ իրավիճակ ապահովի եւ 2008-ին «հանգիստ» դառնա նախագահ», - գրել է մեկնաբանը, հավելելով. - «Քոչարյանը, բնականաբար, չի համարձակվի դիմադրել։ Ավելին, ստիպված կլինի ենթարկվել Սերժ Սարգսյանի հրահանգներին, եւ ոչ միայն «տեր չի կանգնի» իրեն աջակցող եւ խորհրդարան մտած ուժերին («Բարգավաճ Հայաստան»-ին եւ ՀՅԴ-ին), այլեւ նրանց կհորդորի անպայման կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ»։

«Սպասվում են զտումներ» վերնագրի ներքո «Իրավունք» թերթը հավանական է համարել, որ «առաջիկայում քայլեր կձեռնարկվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը գործադիր իշխանության համակարգում, հատկապես, իրավապահ կառույցներում, թուլացնելու ուղղությամբ»։ Ըստ թերթի, «առայժմ մտադրություն կա ԲՀԿ-֊ի կողմնակիցներից զտել հատկապես իրավապահ համակարգը, ոստիկանությունն ու դատախազությունը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ արդեն այժմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններում աշխատել են ԲՀԿ-ի օգտին, վերադասի կողմից «առաջարկվում է» դիմում գրել՝ սեփական կամքով աշխատանքից ազատվելու վերաբերյալ»։ Թերթը հավելել է, թե «զտումները չեն սահմանափակվի միայն իրավապահ մարմինների միջին օղակներով»։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «168 ժամ»-ին իր հրաժարական տալ-չտալու հետ կապված ասել է. - «Իմացեք, ինձ սիրում են, եթե ինձ չսիրեն, ես երբեք թույլ չեմ տա, որ հանկարծ ինձ ատելով նստեմ որեւիցե մի տեղ ու ասեմ՝ էս հորս աթոռն է»:

Գյումրիի քաղաքապետի որդու մասնակցությամբ զինված ընդհարումների շարժառիթները գնահատելով` «Առավոտ»-֊ի գլխավոր խմբագիրը ընդհանրացրել է. - «Պապաները», քաջ գիտակցելով, որ «արժանի հերթափոխ» են դաստիարակել, իրենց զավակների հասցեին գովասանքի խոսքեր չեն խնայում. իրենց տղաները «համեստ են, խելացի» եւ, ամենակարեւորը, «շատ հայրենասեր են»: Ճիշտ է, «մի քիչ տաքարյուն են, ինքնասեր, դուխով ու թասիբով» եւ, հավանաբար, հենց այդ պատճառով էլ պատրաստ են «քացու տակ գցել», մորթել կամ գնդակահարել ցանկացած մարդու, որը թարս կնայի իրենց կամ իրենց ընկերոջը»: Մի խոսքով, ըստ գլխավոր խմբագրի, «նրանք շատ նման են իրենց պաշտոնյա, գեներալ կամ մեծահարուստ ծնողներին. պարզապես ավագ սերունդն իր «թասիբի հարցերը» լուծում է թիկնապահների եւ քրեական շրջապատի միջոցով, իսկ «բալաները» դա անում են անձամբ՝ իրենց «ընկերության-ախպերության» հետ միասին»։

«Ֆորպոստին ճանապարհներ պետք չեն» վերնագրի տակ «168 ժամ» թերթի մեկնաբանը չի բացառել, որ «առաջիկայում ռուսական ընկերություններից մեկի՝ «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշն»-֊ի միջոցով Ռուսաստանը մենաշնորհային իրավունքներ ստանա հայկական բեռնափոխադրումների շուկայում՝ այդպիսով ստանալով Հայաստանի վրա ցանկացած պահի ցանկացած ձեւով ազդելու հերթական լծակը»։ Թերթը գնահատել է. - «Սա, մեղմ ասած, վտանգավոր հեռանկար է Հայաստանի համար, քանի որ ընկերությունը՝ միակը լինելով այդ ոլորտում, կարող է ոչ միայն շատ բարձր սակագներ սահմանել, այլեւ կարող է ցանկացած ժամանակ «արձակուրդի» կամ «պրոֆիլակտիկ վերանորոգումների գնալ» եւ բեռնափոխադրումներ չիրականացնել»։ «Այսպիսով, Հայաստանին քաղաքականապես եւ տնտեսապես ճնշելու համար այս ընկերության միջոցով Ռուսաստանը կունենա եւս մեկ լծակ», - եզրակացրել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG