Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նշում է Հանրապետության տոնը


1917 թվականին Ռուսաստանում Ռոմանովների կայսրության փլուզումն ու 1918-ին Անդրկովկասյան Սեյմի լուծարումը պայմաններ ստեղծեցին 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակելու համար:

Ադրբեջանցի պատմաբանների պնդմամբ, դա Արեւելքի առաջին ժողովրդավարական երկիրն էր: Հանրապետությունում խորհրդարանական համակարգ էր: Խորհրդարանի նախագահը «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Ալիմերդան Թոփչիբաշեւն էր, ով Ռուսաստանի Պետդումայում ղեկավարել էր մահմեդական ֆրակցիան, իսկ առաջին վարչապետը Մահամադ Ամին Ռասուլ Զադեն էր:

Ադրբեջանցի պատմաբանների փոխանցմամբ, կապույտ-կարմիր-կանաչ եռագույնը թուրքականության, իսլամիզմի եւ եվրոպական ձգտումների խորհրդանիշն էր:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը գոյատեւել է մոտ երկու տարի՝ 23 ամիս: 1920 թվականի ապրիլի 18-ին բոլշեւիկյան Ռուսաստանի Կարմիր բանակը գրավել է երկիրը, եւ Ադրբեջանի տարածքում հռչակվել է խորհրդային իշխանություն:

Ներկայիս Ադրբեջանն անկախություն է հռչակել 1991 թվականի օգոստոսի 30-ին:

Վերլուծաբանները նշում են, որ այսօրվա Ադրբեջանի ղեկավարները որոշակի վերապահումներ ունեն 1918 թվականի մայիսի 28-ի հանդեպ, որովհետեւ այդ օրը, այնուամենայնիվ, կապված է «Մուսավաթ» կուսակցության պատմության հետ, որը վերջին տարիներին համարվում է երկրում իշխող Ալիեւների գերդաստանի ընդդիմախոսը:

«20-րդ դարն Ադրբեջանի համար ոչ միայն գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման դար էր, այլեւ գաղութատիրական լծից ազատվելու եւ ազգային պետություն ստեղծելու դար», - այսօր գրել է ադրբեջանական մամուլը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG