Մատչելիության հղումներ

Հայաստանցիները բարենպաստ են համարում գլոբալիզացիայի ազդեցությունը


Հայաստանցիների մեծամասնությունը բարենպաստ են համարում գլոբալիզացիայի ազդեցությունը եւ գտնում են, որ միջազգային առեւտուրը դրական է ներգործում երկրի տնտեսության եւ իրենց բարեկեցության վրա: Այդ են վկայում «Համաշխարհային հարցերով Չիկագոյի խորհուրդ» եւ «Համաշխարհային հասարակական կարծիք» կազմակերպությունների համատեղ անցկացրած հարցման արդյունքները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործընկերությամբ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 65 տոկոսը «հիմնականում լավ» են համարել գլոբալիզացիան երկրի համար, իսկ 18 տոկոսը` «հիմնականում վատ»:

Հայաստանցի հարցվողների երեք քառորդը միջազգային առեւտուրը դրական է համարում տնտեսության համար, 64 տոկոսը` հայաստանյան ընկերությունների, 65 տոկոսը` իրենց կենսամակարդակի, եւ 56 տոկոսը` իրենց համար` որպես սպառողների:

Հարցմամբ ընդգրկվածների 61 տոկոսը գտնում է, որ միջազգային առեւտուրը նպաստում է Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը:

Այնուհանդերձ, հարցվածների 94 տոկոսը կարծիք է հայտնել, որ հայաստանցի աշխատողների աշխատանքային անվտանգությունը պաշտպանելը պետք է արտաքին քաղաքականության կարեւոր նպատակ լինի, այդ թվում 84 տոկոսը դա համարել է շատ կարեւոր նպատակ: 79 տոկոսը համարում է, որ աշխատանքային պայմանների նվազագույն չափանիշները պետք է աշխատանքային պայմանագրերի մաս կազմեն:

Հարցվածների 37 տոկոսի կարծիքով, շրջակա միջավայրի վրա միջազգային առեւտուրը լավ ազդեցություն է ունենում, 36 տոկոսի կարծիքով` վատ, իսկ 27 տոկոսը հրաժարվել է պատասխանել այդ հարցին: Այնուհանդերձ, 82 տոկոսը կարծում են, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը պետք է ներառվեն աշխատանքային պայմանագրերում:

18 երկրներից, որոնցում անցկացվել է հարցումը, միայն Հայաստանի եւ Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունն է համոզմունք հայտնել, որ իրենց կառավարությունը պետք է հրաժարվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անբարենպաստ որոշումներին ենթարկվելուց. Հայաստանում այդ կարծիքին են հարցվածների 35 տոկոսը, հակառակ կարծիքին` 26 տոկոսը:

Հարցումն անցկացվել է նաեւ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում եւ այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG