Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Փող` ճղելու դիմաց» վերնագրի ներքո գրում է. - «Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, հանրապետությունում ձեւավորվել են հատուկ խմբեր, որոնք այս օրերին լրջորեն զբաղված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական պաստառները պատռելու գործով: Ընդ որում, այս գործն արվում է ոչ թե հասարակական հիմունքներով, այլ վճարովի: Ու որքան շատ ճղված պաստառ` այնքան շատ փող»:

Թվարկելով անկախ Հայաստանի պատմության մեջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց՝ Խաչատուր Բեզիրջյան, Արտակ Սահրադյան, Գարեգին Ազարյան, «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը այսօր շեշտադրել է. - «Տարեգիրները հետագայում հավանաբար այս երեք անունները «սեւ տառերով» կգրեն մեր պատմության էջերում։ Վերլուծաբանները թերեւս կնշեն, որ այս երեք անձինք վճռորոշ դեր են խաղացել անկախ Հայաստանի ճակատագրում՝ ոչնչացնելով նոր-նոր սաղմնավորվող ընտրական համակարգը, խոչընդոտելով դեմոկրատական արժեքների մուտքը Հայաստան, եւ ընդհանրապես կասեցնելով երկրի զարգացումը»։ «Դժվար է ասել, թե սերունդների դատից ավելի ահավոր ի՞նչ դատաստան է սպառնում այդ անձանց, որ այդքան հետեւողականորեն ու հնազանդորեն կատարում են իրենց սեւ գործը, այդ ինչ վախ է, որ ավելի հզոր է, քան պատմության մեջ սեւ բիծ թողնելու, սերունդների պարսավանքին արժանանալու հեռանկարը», - հավելել է խմբագրականը։

«Ազարյանից Սահրադյան մեկ քայլ է» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս նախագահին համեմատելով նախորդի հետ, արձանագրել է. - «Ազարյանը կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով դառնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Սահրադյանի արժանի հետնորդը»։ «Սահրադյանը հանրությանը հայտնի էր նրանով, որ նախընտրական եւ հետընտրական գործընթացներում տեղ գտած խախտումները քողարկելու համար պարբերաբար ստիպված էր լինում անհեթեթ պարզաբանումներ տալ», - հիշեցրել է թերթն ու հավելել. - «Մի խոսքով, ունենք թոփ-թազա Սահրադյան, որը արագ է խոսում եւ կարողանում է համակարգչից օգտվել»։

Գնահատելով քարոզարշավի առաջին տասնօրյակը` ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում նկատել է. - «Ի տարբերություն քաղաքական որոշ ուժերի, որոնք նախընտրական այս շրջանում ժողովրդին, ինչպես միշտ, բան չունեն ներկայացնելու՝ բացի մրցակիցներին հայհոյելուց, Հանրապետականն ունի հստակ ասելիք, ունի արված գործ եւ ռեալ հնարավորություններ՝ այդ գործը արժանապատիվ կերպով շարունակելու համար։ Մենք գործով ենք վաստակել առաջինը լինելու մեր վստահությունը եւ դրանք սոսկ խոսքեր չեն, այլ ռեալ եւ օբյեկտիվ իրականություն»։

«Քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ հակաքարոզչության դրսեւորումներ արձանագրե՞լ եք», - Հայոց աշխարհ թերթի հարցին ի պատասխան ԲՀԿ-ի շտաբի պետ Վարդան Վարդանյանը ասել է. - «Ճիշտն ասած, մանր-մունր դրսեւորումներ եղել են, բայց դրանց վրա առանձնապես ուշադրություն չենք դարձնում՝ մեր ուժերին վստահ ենք եւ շարժվում ենք մեր որդեգրած սկզբունքների շրջանակում։ Իսկ թե մյուս կուսակցություններն ինչ դիրք կբռնեն եւ ի՞նչ սեւ քարոզչական աշխատանքներ կտանեն՝ մեզ բոլորովին չի հետաքրքրում»։

Փաստելով, որ սոցիոլոգիան այս օրերին վերածվել է ոչ թե իրականությունը բացահայտելու, այլ քարոզարշավի մասի` «Ազգ» թերթի մեկնաբանը ընդգծել է. - «Տասնյակ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոններ ընտրությունների նախօրյակին հիմնականում զբաղվում են նրանով, որ պայմանականորեն անկախ դիտանկյունից հաղթանակ են կանխատեսում այս կամ այն քաղաքական միավորի համար՝ դրանով իսկ տեսականորեն ավելացնելով նրա դիվիդենտները»։ «Ցավոք, այդ, այսպես կոչված, ուսումնասիրությունները մեծ մասամբ որեւէ ընդհանրություն չեն ունենում իրականության հետ», - պնդել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Ամբողջ խնդիրն այն է, որ ազատ ընտրությունների արդյունքում հաղթելու է իրականությունը եւ ոչ երբեք՝ պատվիրված սոցիոլոգիան»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG