Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի դիտորդներ. «Ընտրությունների պատասխանատուն ԿԸՀ-֊ն է»


«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության հասունության կարեւոր փորձաքար են լինելու», ֊- ասված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության նախընտրական պատվիրակության՝ այսօր հրապարակած հայտարարության մեջ:

Պատվիրակության տպավորությամբ` շատերն ընտրությունները դիտում են պայքար իշխող էլիտայի եւ ոչ թե գաղափարների ու ծրագրերի միջեւ: Իսկ բացառությամբ մի քանի դեպքերի` էական տարբերություններ չի կարողացել գտնել թեկնածուների քաղաքական ծրագրերի միջեւ:

Պատվիրակությունը՝ ԵԽԽՎ պատգամավոր, հոլանդացի սենատոր Լեո Պլատվոյետի գլխավորությամբ, եռօրյա դիտարկումների, հանդիպումների արդյունքում ամրագրել է նաեւ մտահոգություններ. արտերկրում գտնվող քաղաքացիներին քվեարկության իրավունքից զրկելը, որոշ ընտրատարածքներում մեծամասնականով առաջադրված միայն մեկ թեկնածու, խոսքի ազատության անհավասար պայմաններ... նաեւ ափսոսանքն է հայտնում քաղաքական գովազդի հեռարձակման բարձր գների, քվեարկության օրն ընտրողների մատների թանաքոտման սկզբունքը չներդնելու համար:

Պատվիրակությունը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների եւ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հավաստիացումները՝ Եվրախորհրդի չափանիշներով ընտրություններ ունենալու իրենց մտադրության մասին, եւ քաղաքական ուժերին կոչ անում մինչեւ քվեարկությունն եղած փոքր ժամանակն օգտագործել՝ այդ չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

«Իսկ ընտրությունների անցկացման պատասխանատուն», ֊- մամուլի ասուլիսում ասաց Լեո Պլատվոյետը, - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG