Մատչելիության հղումներ

Հաստատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագիրը


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր որոշել է «համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` 2007-2009 թվականների ընթացքում իրականացնելիք ներդրումներին` 26 961,9 մլն դրամ ծավալով, որից 12 207,0 մլն դրամի ներդրումներ` միայն 2007 թվականին»:

Հանձնաժողովը նաեւ հաստատել է սպառողների սպասարկման որակի ցուցանիշների ծրագրային մեծությունները:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ֆիքսված ներդրումային պարտավորություն չունի, բայց ունի համապատասխան որակի ծառայություն մատուցելու պարտավորություն, ինչը լուրջ ծախսեր է ենթադրում, քանի որ ցանցը բավականին մաշված է:

«Ցանցերը մասնավորեցնելիս մենք սահմանեցինք որակի պահանջներ, որի կատարման համար անպայման պետք է ցանցը որոշակի ներդրումներ կատարի», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով. - «Ներդրումային ծրագրի հետ միասին հատուկ սահմանվեցին որակի նկատմամբ պահանջները, որոնք ամրագրվեցին այսօրվա ներդրումային ծրագրի հետ զուգահեռ»:

«Նախորդ երկու տարիների ընթացքում նույնպես ներդրումներ իրենք [«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը] կատարել են` 2005 եւ 2006 թվականներին 4-5 միլիարդի [դրամ] սահմաններում», - շարունակեց Գրիգորյանը:

Ներդրումային ծրագիրը ներկայացնելուց ու հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո ընկերությունը կարող է հետագայում քայլեր ձեռնարկել սակագինը բարձրացնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ Նիկոլայ Գրիգորյանը ասաց, թե այս ներդրումները կարող են սակագնի վրա ազդել ընդամենը 0,5 դրամի սահմաններում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG