Մատչելիության հղումներ

Միավորվել չի հաջողվել նաեւ կոմունիստներին


Հայաստանյան արտախորհրդարանական քաղաքական ուժերից Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ:

Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք միշտ պատրաստակամ են եղել միավորել կոմկուսն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով. - «Որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է [օգտագործել այդ եզակի հնարավորությունը] մեր ընտրազանգվածի հետ երկխոսություն ծավալելու, մեր գաղափարները ժողովրդին ներկայացնելու համար»:

«Մեր մյուս գործընկերները նման մոտեցում, ցավոք սրտի, չցուցաբերեցին», - պատասխանելով չմիավորվելու պատճառներին վերաբերող հարցին՝ պարզաբանեց Սաֆարյանը:

Առաջադիմական միացյալ կոմկուսի ղեկավարը հավաստիացրեց, որ իրենց պատկերացումները սոցիալական արդարության առումով ժամանակի հետ փոխվել ու ավելի արդիական են դարձել: Իսկ կուսակցության համամասնական ցուցակում, ըստ Վազգեն Սաֆարյանի, կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդդիմադիր դաշտի միավորման նպատակով քաղաքական մի քանի ուժերի հետ բանակցություններ վարած արտախորհրդարանական մեկ այլ ուժ` Ազատական առաջադիմական կուսակցությունը եւս ընտրություններին կգնա միայնակ: Կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ, ընդդիմությունն իր առջեւ շատ բարդ խնդիր էր դրել, եւ չմիավորվելու ամենագլխավոր պատճառը, ըստ նրա, «այսօր երկրում առկա իրավիճակն է»:

Հովհաննես Հովհաննիսյանը, այդուհանդերձ, վստահ է, որ ընտրություններին, նույնիսկ առանձին մասնակցելու դեպքում, ընդդիմությունը հնարավորություն ունի 60-70 տոկոս ներկայություն ապահովել խորհրդարանում` եթե, իհարկե, ընտրությունները չկեղծվեն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG