Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ը «Կարո՞ղ է հալվել ՀՅԴ - ՀՀՇ սառույցը» խորագրի ներքո հրապարակել է հարցազրույց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: «Արմեն Ռուստամյանը միանգամայն հնարավոր է համարում համագործակցությունը ՀՅԴ-ի եւ ՀՀՇ-ի միջեւ», - գրում է թերթը՝ ընդգծելով. - «Տարիներ շարունակ այս կուսակցությունների միջեւ առկա սառնությունը խանգարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգի կայացմանը»:

«Հայոց աշխարհ»-ը ուրվագծում է առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը. - «Հանրապետական կուսակցությունն ունի անմիջական մրցակից՝ հանձին «Բարգավաճ Հայաստան»-ի, իսկ դա նշանակում է, որ մնացած բոլոր կուսակցություններն ստիպված են կառուցել սեփական ռազմավարությունը՝ նկատի առնելով ուժի ոչ թե մեկ, այլ երկու կենտրոն: Այստեղից էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սպասվող հիմնական հակամարտությունները. բոլորն ընդդեմ Հանրապետական կուսակցության՝ որպես գերիշխող կուսակցության, Հանրապետական կուսակցությունն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ որպես առաջատար դերի համար պայքարում մրցակցի, ընդդիմադիր բոլոր կուսակցություններն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ որպես բողոքական ընտրազանգվածին իր կողմը քաշող մրցակցի եւ, վերջապես՝ մնացած բոլոր կուսակցությունները, բացի Հանրապետականից ու «Բարգավաճ Հայաստան»-ից, ընդդեմ մեկմեկու՝ գոյության պայքարի, այսինքն հինգ տոկոսի արգելքը հաղթահարելու համար»։

«Առավոտ»-ի պատվերով ARP Group սոցիոլոգիական ընկերությունը անցկացրել է հարցում՝ պարզելու համար մայրաքաղաքի բնակչության վերաբերմունքը ներկայումս Հայաստանում գործող ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Հարցման մասնակիցներին խնդրել են թվարկել առավելագույնը 3 կուսակցություն, որոնց համարում են ընդդիմադիր: Հարցվողների համարյա կեսը պատասխանել է, որ այդպիսի կուսակցություն չկա: Այնուհետեւ գալիս են «Օրինաց երկիր»-ը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ազգային միաբանություն»-ը եւ, որքան էլ զարմանալի է՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, որին 5,6 տոկոսը համառորեն դասում է ընդդիմության շարքը: Արդյոք երեւանցիները գտնում են, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է հանդես գան միասնակա՞ն, թե՞ առանձին-առանձին: Հարցման մասնակիցները գերադասեցին միասնականությունը՝ 63 տոկոս, հիմնավորելով դա հետեւյալ կերպ. - «Այդպիսով անպարտելի կլինեն, իրենցից ուժ կներկայացնեն»: Իսկ ո՞վ, ըստ հարցվածների, կարող է լինել ընդդիմության առաջնորդը: Այստեղ նույնպես շատ են հոռետեսական պատասխանները՝ ըստ 40 տոկոսի, այդպիսին չկա: 12,2 տոկոսը ընդդիմության առաջնորդ է տեսնում Արթուր Բաղդասարյանին, 6,8 տոկոսը՝ Արտաշես Գեղամյանին, 4,8 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանին: 3,3-֊ական տոկոս ստացան Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Տիգրան Կարապետյանը, 3 տոկոս՝ Գագիկ Ծառուկյանը»:

«Տարեգիր»-ը գրում է. - «Վերջերս Թալին այցելած Անդրանիկ Մարգարյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նրանց հանձնարարել է Ազգային ժողովի ընտրություններում ապահովել Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածու Խաչիկ Մանուկյանի հաղթանակը: Վարչապետը գյուղապետերին ասել է. - «Եթե ձեր ձայները տալիս եք Խաչիկ Մանուկյանին, ձեր ձայները տալիս եք ինձ»: Ասվածը քիչ համարելով` Մարգարյանը սպառնացել է. - «Եթե չապահովեք Խաչիկ Մանուկյանի հաղթանակը, ապա իմացեք, որ մայիսի 12-ին հաջորդելու է մայիսի 13-ը` ակնարկելով, որ իշխանությունները վրեժխնդիր կլինեն պատվերը չկատարածներից: Այդժամ գյուղապետերից առավել համարձակները փսփսացել են. «Ախր մայիսի 13-֊ին սա վարչապետ չի լինելու»:

«Ժամանակ Երեւան»-ը փոխանցում է. - «Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ այս օրերին ինտենսիվ բանակցություններ են վարվում Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքները ներառող թիվ 13 ընտրատարածքում տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուադ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի, թեկնածությունն առաջադրելու եւ սատարելու մասին: Այս գործին է լծվել Էդուարդ Մադաթյանի եղբայրը՝ Գրիգոր Մադաթյանը: Հիշեցնենք, որ Էդուարդ Մադաթյանը ոչ վաղ անցյալում մեղադրվում էր Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործում եւ այժմ գտնվում է հետախուզման մեջ»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանում սենսացիոն որոշում է կայացվել: Որոշվել է մարտի 8֊-ից հինչեւ մայիսի 10-֊ը ամեն օր Ազատության հրապարակում քաղաքապետարանի միջոցներով համերգներ կազմակերպել: Թե ինչ են պատրաստվում տոնել երեւանյան չինովնիկները 60 օր շարունակ, դժվար է ասել: Բայց խնդիրը տվյալ դեպքում ոչ թե իշխանական տոնական տրամադրությունն է, այլ այն, որ նրանք որոշել են ընդդիմությանը զրկել Ազատության հրապարակում հանրահավաքներ անելու հնարավորությունից»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG