Մատչելիության հղումներ

Վարդան Այվազյան. - «Հայաստանում որեւէ կազմակերպություն չի զբաղվում ուրանի հանքերի ուսումնասիրությամբ»


Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանում ներկայումս որեւէ կազմակերպություն ուրանի հանքերի ուսումնասիրությամբ չի զբաղվում, որեւէ կազմակերպություն չունի դրա արտոնագիրը:

«Որովհետեւ ուրանի ուսումնասիրությունը եւ ռադիոակտիվ ուսումնասիրությունը իրականացվում է կառավարության կողմից սահմանված հատուկ կարգով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստարկեց նախարարը` կրկնելով. - «Պաշտոնապես հայտարարում եմ` չկա Հայաստանի Հանրապետությունում որեւէ մեկ կազմակերպություն, որը զբաղվի ուրանի ուսումնասիրությամբ»:

Տեղեկություններ կան, այդուհանդերձ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունը անցկացնում է Հայաստանում ուրանի պաշարների երկրաբանական ուսումնասիրություններ: Ամերիկյան այս ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարի հարաբերությունները անցած տարի ծայրաստիճան լարվեցին այն բանից հետո, երբ «Գլոբալ Գոլդ»-ը հայտարարեց, թե Վարդան Այվազյանը կաշառք էր պահանջել իրենցից: Միջամտեց նույնիսկ Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, որի դիմումին ի պատասխան կառավարությունը հայտարարեց, թե տրամադրված նյութերը չեն համապատասխանում իրականությանը:

Վարդան Այվազյանը այսօր հաստատեց տեղեկությունը, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ուրանի հանքարդյունաբերությամբ: Դրա թույլտվությունը, ըստ նախարարի, տրվելու է աճուրդով:

«Շահագրգռվածություն է հայտնել Ռուսաստանի ատոմային էներգետիկայի նախարարությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ մշակի հատուկ թույլտվության ստացումը», - հավելեց Այվազյանը:

Վարդան Այվազյանը անդրադարձավ նաեւ Արարատի եւ Սոդքի հանքերի սեփականատեր հնդկական «Վեդանտա ռեսորսիզ» ընկերության գործունեությանը՝ հայտարարելով, թե հանքերը շահագործվում են վատ որակով, իսկ ընկերությունը անբարեխիղճ եւ օրինազանց տնտեսվարող է:

«Սխալ է աշխատում, չպատժե՞նք: Հինգ հատ մահ է տեղի ունեցել... Չասե՞մ` ընկեր ջան, հանքդ նորմալ շահագործի», - վրդովված փաստարկեց նախարարը:

Ըստ նրա, վերջին 2 ստուգումների արդյունքներով կազմված ակտերում նախարարությունը ներկայացրել է, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն»-ը թաքցրել է շուրջ 2 տոննա ոսկի:

Բացի այդ, երկու տարի քննարկվում էր Սեւանի ավազանում ոսկու կորզման գործարանի կառուցման հարցը, եւ նախարարության դիրքորոշումը, ըստ Վարդան Այվազյանի, հետեւյալն է` «Չի կարելի, որովհետեւ իր ամբողջ ոսկով հանդերձ, Սեւանը մեզ համար ավելի կարեւոր է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նախարարը դիմելու է ընկերությանը ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիայից զրկելու պահանջով, Վարդան Այվազյանը պատասխանեց. - «Շատ հնարավոր է»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG