Մատչելիության հղումներ

Արա Սաղաթելյանի ավտոմեքենայի հրկիզման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ


Երեկ երեկոյան հրկիզվել է «Իմ իրավունքը» շաբաթաթերթի եւ panorama.am ինտերնետային կայքի սեփականատեր, նախկինում արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանի «Նիսան-էքստերա» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ոստիկանության Էրեբունու բաժինը:

Մեքենան հրկիզվել է Մովսես Խորենացու փողոցի թիվ 34 շենքի բակում, որտեղ գտնվում են նշված լրատվամիջոցների խմբագրությունները: Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կրակը հանգցրել է ինքը` հարեւանների օգնությամբ:

«Այս պահին ենթադրություններ անել չեմ կարող: Ավելի շատ` չեմ ուզում, քանի որ ընթանում են քննչական գործողություններ», - ասաց Սաղաթելյանը: - «Կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ սա կապված է այդ լրատվամիջոցների [«Իմ իրավունքը» եւ panorama.am] գործունեության հետ, որովհետեւ փաստացի այլ գործունեության դաշտ ես չունեմ»:

Նա նաեւ ասաց, որ որեւէ սպառնալիք չի ստացել. - «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկի հետ մեքենայի այրման պահին ես ունեցել եմ անհարթելի կոնֆլիկտներ»:

«Կատարվածը որեւէ կերպ չի ազդելու թերթի եւ կայքի աշխատանքների վրա», - հավաստիացրեց Արա Սաղաթելյանը:

Այս տարի սա լրագրողի մեքենայի հրկիզման երկրորդ դեպքն է: Անցած շաբաթ հրկիզվել էր մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի ավտոմեքենան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG