Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց հասարակական կազմակերպության` դիտորդական առաքելություն իրականացնելու դիմումը


Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության դիմումը մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ:

ԿԸՀ-ի հիմնավորմամբ` կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը «չեն համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը»:

«Կազմակերպությունը պարտավոր էր, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջին համապատասխան, իր ժողովներից առաջինում քննարկել նաեւ իր կանոնադրությունը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխանեցնելու հարցը, մասնավորապես` կազմակերպության անվանումը: Որովհետեւ, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխան, այն չի կարող պարունակել «Գերագույն խորհուրդ» բառերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը:

Նշված օրենքում իսկապես կա դրույթ, որի համաձայն կազմակերպության անունը չպետք է պարունակի «Գերագույն խորհուրդ», «Ազգային ժողով» եւ մի շարք այլ բառակապակցություններ, որոնք կարող են նմանեցվել պետական մարմինների անվանումներին:

Հանձնաժողովի որոշմանը դեմ են քվեարկել միայն 3 անդամներ, որոնք ներկայացնում են «Արդարություն», «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները:

«Ռուբեն Թորոսյանը [«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահը] շատ լավ տիրապետում է [օրենսդրությանը] եւ ազնվորեն պայքարում է, որ այս երկրում կարգուկանոն հաստատվի», - ԿԸՀ-ի որոշման՝ իր բնորոշմամբ «միտումնավորությունը» այսպես հիմնավորեց «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:

Ռուբեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե իրենց կազմակերպության անվանումը համապատասխանում է օրենսդրությանը` հավելելով, որ իրենց կազմակերպությունը [նույն անվանումով] դիտորդական առաքելություն է իրականացրել 2003-ի ընտրությունների ժամանակ:

«Իրոք, փոփոխություն եղավ օրենքում, եւ 10-րդ հոդվածում գրվեց, որ «Ազգային ժողով», «Կառավարություն», «Գերագույն խորհուրդ» անվանումները պետք է չներառել [հասարակական կազմակերպությունների] անվանման մեջ, բայց կա շարունակություն` «եւ այն ձեւով, եթե այդ անունը կարդալիս հասկացվում է որեւէ պետական մարմին», - հավելեց Թորոսյանը` պնդելով, որ իրենց կազմակերպության անվանումը «ամբողջությամբ համապատասխանում է օրենքի տառին»:

Նա պնդեց նաեւ, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ նման հարց քննարկել, քանի որ հասարակական կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանությունը օրենսդրությանը պետք է քննի արդարադատության նախարարությունը:

ԿԸՀ-ն նույն հիմնավորմամբ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբին թույլ չէր տվել դիտորդական առաքելություն իրականացնել 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, եւ կազմակերպությունը դիմել էր դատարան: Այս անգամ էլ, Ռուբեն Թորոսյանի խոսքերով, իրենց պատրաստվում են անցնել դատական բոլոր ատյաններով` ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան:

«Ազատություն» ռադիոկայանին արդարադատության նախարարության պետական ռեգիստրից փոխանցեցին, որ այս հասարակական կազմակերպությունը իրենց մոտ գրանցված է:


Ռուզաննա Ստեփանյան

(լուսանկարում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG