Մատչելիության հղումներ

Տրապիզոնում նշվել է կաթոլիկ քահանայի սպանության մեկ տարին


Այսօր կարդինալ Կամիլո Ռուինիի հանդիսապետությամբ Տրապիզոնում հիշատակի պատարագ է մատուցվել՝ նվիրված կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի սպանության մեկամյա տարելիցին:

Սանտորոյի մոր եւ երկու քույրերի հետ ժամանելով Տրապիզոն՝ կարդինալ Ռուինին, մասնավորապես, ասել է. - «Հուսով եմ, այս պատարագը կնպաստի բարեկամության ամրապնդմանը եւ կմոտեցնի մեզ Աստծուն»:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, կաթոլիկ քահանային սպանած դեռահասի ծնողները պատարագի ժամանակ մտել են եկեղեցի եւ հանդիպել Սանտորոյի հարազատների հետ՝ իրենց ցավակցությունները փոխանցելով նրանց:

«Սանտորոյի ընտանիքի անդամները ասացին նրանց, որ կաղոթեն ինչպես Սանտորոյի, այնպես էլ տղայի համար», - պատմել է Տրապիզոնի քաղաքապետ Վոլքան Չանալիօղուն:

Անցյալ տարվա փետրվարի 5-ին 16-ամյա թուրք դեռահասը սպանեց Անդրեա Սանտորոյին, երբ քահանան ծնկաչոք աղոթում էր: Սպանության համար դեռահասը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման:

Կաթոլիկ քահանան սպանվեց այն օրերին, երբ մահմեդական աշխարհը վրդովված էր եվրոպական մի շարք թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության կապակցությամբ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ Տրապիզոնը սեռեւուն ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա հունվարի 19-ին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ պարզվեց, որ սպանությունն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթը եւ իր գործակիցները սեւծովյան այդ քաղաքից են:

Դինքի սպանության գործով մինչ օրս կալանված է 8 մարդ, որոնք բոլորն էլ տրապիզոնցի ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG