Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը պաշտպանում է Հոգլանդին


Ամերիկայի հայկական համագումարը տարածել է հայտարարություն, որով պաշտպանել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը` նշելով, որ «հայ-ամերիկյան հարաբերությունները կախված չեն միայն Ցեղասպանության խնդրից», ու կարծիք հայտնելով, թե Հոգլանդը ցեղասպանությունը հերքող չէ:

Համագումարն ընդգծում է, որ չնայած ԱՄՆ-ի որեւէ դեսպան Սենատի լսումների ժամանակ չի հաստատել Հայոց ցեղասպանությունը, ամերիկահայ համայնքը իրավացիորեն սպասում է, որ դեսպանի յուրաքանչյուր թեկնածու եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության յուրաքանչյուր անդամ ճիշտ հասկանա եւ ճիշտ վերաբերվի Հայոց ցեղասպանության խնդրին:

Ամերիկայի հայկական համագումարը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին «Կառուցողական տարակարծություն» մրցանակից զրկելու՝ Ամերիկայի արտաքին ծառայության ընկերակցության որոշումը եւ այն որակում «վախկոտ արարք, որն անհամատեղելի է մարդու իրավունքները հարգելու սկզբունքների հետ»:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները կախված չեն միայն ցեղասպանության խնդրից», - ընդգծում է Համագումարը եւ նշում, որ Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվել է Ռիչարդ Հոգլանդին նշանակելու՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ընտրությանը:

«Ի տարբերություն Թուրքիայի, [ԱՄՆ-ի] վարչակազմի պաշտոնյաները հասկացրել են, որ Միացյալ Նահանգները չի հերքում Հայոց ցեղասպանությունը»», - ընդգծում է Ամերիկայի հայկական համագումարն իր հայտարարությունում: - «Համագումարը չի կարծում, թե Ռիչարդ Հոգլանդը ցեղասպանությունը հերքող է: Այնուհանդերձ, ակնհայտ է նաեւ, որ Բուշի վարչակազմը՝ իր ամենամյա ուղերձներում օգտագործելով հանդերձ Հայոց ցեղասպանության բառարանային սահմանումը, դժկամություն է ցուցաբերում այս հանցագործությունը ցեղասպանություն որակելու հարցում»:

«Համագումարը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է ունենա դեսպան Երեւանում, եւ ԱՄՆ-ը պետք է հստակ կերպով հաստատի Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ դեսպանները կարտացոլեն նախագահի քաղաքականությունը, քանի որ նրանք ծառայում են նախագահին», - ասված է փաստաթղթում:

Ամփոփելով՝ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսին եւ նախագահին՝ «Ջոն Էվանսի նման հանդես գալ պատմական ճշմարտության օգտին եւ 1915 թվականի հանցագործությունները ճանաչել ցեղասպանություն»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG