Մատչելիության հղումներ

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը Հայաստանին կոչ է անում կոշտացնել պայքարը կաշառառության դեմ


Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցը երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում Հայաստանին կոչ է արել կոշտացնել պայքարը «կաշառառության ավանդույթի դեմ»:

«Հայաստանում տարածված կաշառառության ավանդույթի դեմ պայքարելու համար երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդի եւ սատարի հակակոռուպցիոն ջանքերը՝ օրենքի կիրառման, հետագա օրենսդրական բարեփոխումների եւ հանրային իրազեկման արշավների համադրման ճանապարհով», - ասված է զեկույցում:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, կազմակերպությունը, նշելով հանդերձ, որ Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, միաժամանակ ընդգծում է, որ «կոռուպցիայի համար դատապարտման դեպքերի թիվը փոքր է, հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, եւ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն՝ քննելու [կաշառառության մասին] պնդումները եւ գործերը հասցնելու դատարան»:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը շեշտում է, որ չնայած 2004 թվականից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել՝ բարելավելու իր քրեական օրենսդրությունը, այնուհանդերձ, այդ միջոցառումները «միայն սկզբնական քայլերն են ճիշտ ուղղությամբ, եւ շատ բան է մնում անելու՝ ապահովելու համար քաղաքացիական ծառայության շիտակությունը եւ նվազեցնելու կոռուպցիայի բեռը հասարակական եւ գործարար կյանքի տարբեր բնագավառներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG