Մատչելիության հղումներ

Ռադիոյին վստահում է երեւանցիների 57 տոկոսը


600 երեւանցիների շրջանում «Հայելի» բանավեճի ակումբի անցկացրած հարցումների համաձայն, մարդկանց ընդամենը 7 տոկոսն է վստահում տպագիր մամուլին: Հեռուստաընկերություններն անաչառ է համարում հարցվածների 11 տոկոսը: Ռադիոյին վստահում են հարցվածների մեծամասնությունը` 57 տոկոսը:

«Հայելի» ակումբում այսօր անցկացված քննարկումը նվիրված էր մարդկանց` ընտրությունների ընթացքում անաչառ լրատվություն ստանալու ակնկալիքներին ու լրատվամիջոցներին վստահելու հարցին:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, խնդիրը «անաչառության» ընկալումն է. - «Այն լրատվությունը, որ հաղորդվում է, դա լրագրողի մասնագիտական ընկալումների թողարկա՞ծն է, թե՞ նախագահականից տեքստը ֆաքս են արել»:

Քննարկման մասնակիցներից ոմանք համամամիտ չէին ակումբի անցկացրած հարցման արդյունքների հետ:

«Հայք» օրաթերթի եւ «Տարեգիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը, օրինակ, ասաց. - «13 տոկոսը ես իսկապես շատ բարձր ցուցանիշ եմ համարում... Եթե 13 տոկոսը թերթ կարդա, տպաքանակը չի լինի այն, ինչ մենք ունենք այսօր»:

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանը հայտարարեց. - «Օպերատիվության առումով ես կարող եմ ասել, որ նույնիսկ «Ռադիոլուր»-ը դաշտում միակն է` նույնիսկ հեռուստատեսային լրատվամիջոցների հետ համեմատ»:

«Ոորվհետեւ մենք ունենք ժամը մեկ լրատվություն», - փաստարկեց նա:

Վասակ Դարբինյանը` ընդունելով, որ «Ռադիոլուր»-ը վերջին տարիներին «բավականին առաջընթաց է գրանցել», շեշտեց. - «Բայց, այնուամենայնից, դա նույնպես վերահսկողության տակ է»:

«Բացառություն, որ հանրամատչելի լրատվություն է ներկայացնում, դա «Ազատություն» ռադիոկայանն է», - եզրափակեց Դարբինյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG