Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» օրաթերթը «Արդար ընտրությունը միայն իշխանության խնդիրը չէ» վերնագրի ներքո հրապարակել է հարցազրույց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանի հետ: «Կարծում եք, եթե ընդդիմությունն ակտիվ լինի, ընտրություններն ավելի արդա՞ր կանցնեն» հարցին նա պատասխանել է. - «Միանշանակ»:

«168 ժամ» պարբերականը, հղում անելով իր վաշինգտոնյան աղբյուրներին, այսօր գրել է, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը դեռեւս չի քննարկվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում»։ «Մասնակի է քննարկվել այդ հարցը, սակայն, վերջնական կազմը դեռեւս չի քննարկվել», - վստահեցրել են թերթի աղբյուրները` հավելելով, թե «կտեղակայվեն այն երկրների ուժերը, որոնք ընդունելի են երկու երկրներին էլ»։

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը, անդրադառնալով վրացական «Վարդերի հեղափոխության» տարելիցին՝ հետահայաց ամփոփել է. - «Վարդերի հեղափոխությունը կազմակերպված եւ դրսից ղեկավարվող ժամանակակից քաղտեխնոլոգիաների դասական արգասիք էր, որի հետեւանքով Էդուարդ Շեւարդնաձեն հրաժարական տվեց 2003 թվականի նոյեմբերի 23-ին»: Ըստ խմբագրականի, «Վարդերի հեղափոխությունը» հետաքրքիր էր նրանով, որ այնտեղ «խոսք անգամ չկար սոցիալական խնդիրների լուծման մասին»: «Վրաստանն այսօր ապրում է բացառապես Արեւմուտքի ֆինանսական օգնության շնորհիվ, կտրուկ աճել են գներն ու գործազուրկների թիվը, է՛լ ավելի սրվել հարաբերությունները նախկին ինքնավար հանրապետությունների հետ, իսկ ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին խոսելն անգամ ավելորդ է», - եզրակացրել է խմբագրականը։

«Առավոտ»-ի խմբագրականը, նկատելով, թե Հայաստանում «քաղաքականության վարկաբեկում է տեղի ունենում», ընդգծել է, թե դա վերաբերում է նաեւ ընդդիմությանը: «Չնչին բացառություններով նրանք էլ են ասում. «Գաղափարներն այսօր կարեւոր չեն, այսօր միակ խնդիրը Քոչարյանից ազատվելն է, թող դա լինի` հետո կտեսնենք», - նկատել է խմբագրականն ու բերել իր հակափաստարկը. - «Նախ՝ Հայաստանում իշխանափոխություն արդեն մեկ անգամ եղել է, բայց նախագահի փոփոխությամբ այն արատները, որոնց մասին խոսում էր նախորդ ընդդիմությունը, ոչ միայն չվերացան, այլեւ զգալիորեն խորացան»:

«Լարվածություն իրանահայ համայնքում» վերնագրի տակ «Ազգ» թերթն այսօր տեղեկացրել է, թե «Իրանի իսլամական խորհրդարանը պետբյուջեից մոտ երկու միլիոն դոլար հատկացրեց սահմանադրությամբ ճանաչված կրոնական փոքրամասնություններին` մշակութային, մարզական եւ մամուլի գործունեությունը զարգացնելու համար: Թեհրանահայությանն այդ հատկացումից բաժին հասավ շուրջ 535.000 դոլար»: Ըստ թերթի «այդ գումարը բաժանելու համար փոխանցվեց Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեւորգ Վարդանին, որը, չնայած համայնքի պատգամավոր լինելուն, ստացած գումարը բաժանեց միայն Հայ հեղափոխական դաշնակցությանը պատկանող կառույցներին: Այսինքն` գումարը, որ սահմանված էր թեհրանահայ ողջ համայնքի համար, պատգամավորի կողմից հատկացվեց միմիայն Դաշնակցական կառույցներին»:

«Չփոխել ոչինչ» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը հարցին թե, ինչպիսի արդյունավետությամբ են օգտագործվում մեր ռեսուսները», պատասխանել է. - «Հայաստանում կրկին սկսել են կոմունիզմ կառուցել: Այս շինարարությունը իրականում նշանակում է, որ ամեն ինչ արվում է ոչինչ չանելու, ոչինչ չփոխելու համար: Եվ երկրի ամբողջ էներգիան, բոլոր ռեսուրսները ուղղվում են առկա աննորմալ վիճակը մի քիչ էլ՝ գոնե մի երկու տարի էլ ձգելուն։ Ու որքան երկար է տեւում ոչինչ չանելու գործընթացը, այդքան ցավոտ է լինում փոփոխությունը, ինչը կարելի է ընդամենը հետաձգել, բայց որից հնարավոր չէ խուսափել»:

«Կարապետյանական արարք» վերնագրի տակ «Հայք» թերթն այսօր փոխանցել է, թե հանրապետության տարբեր մարզերում «բարեգործության անվան տակ հիմա էլ ընտրակաշառք է սկսել բաժանել Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը». - «Ընդօրինակելով ԱԼՄ ղեկավար Տիգրան Կարապետյանին` Շիրակի եւ Լոռու մարզերի հանրակրթական դպրոցներին նա սկսել է նվիրել հեռուստացույցներ ու DVD-ներ»: Թերթի տեղեկություններով, նա այդ բարեգործություններն անում է ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով` հանուն Հանրապետական կուսակցության: «Ընդ որում, այդ նվիրատվությունները նա կատարում է ոչ թե անձամբ, այլ Հանրապետական կուսակցության անդամների ձեռքով», - հավելել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG