Մատչելիության հղումներ

Ընթերցանություն՝ տաք բաճկոններով


«Ես հագել եմ իմ ամենատաք բաճկոնս, որպեսզի գոնե փոքր-ինչ երկար դիմանամ այս ցրտին: Շատ աշխատանք կա անելու, ուզում եմ երկար մնալ, բայց երկու ժամից ավելի ուղղակի անհնար է»,- ասում ու ցրտից փայտացած մատներն է ցույց տալիս Կերպարվեստի եւ քարտեզագրական նյութերի բաժնի ընթերցող Տաթեւը:

Խնդիրն առավել լուրջ է իր տարածքով ու ընթերցողների թվով գրադարանի ամենամեծ՝ Ընդհանուր ընթերցասրահում, որն ունի 180 ընթերցատեղ եւ սպասարկում է հիմնականում առաջին եւ երկրորդ կուրսեցիներին:

«Գրադարանի ջեռուցման մակարդակը շատ ցածր է, այս մեծ ընթերցասրահում շահագործվող 2-3 էլեկտրական մարտկոցները չափացանց քիչ են անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովելու համար», - վկայում է Ընդհանուր ընթերցասրահի հսկիչ, առաջատար գրադարանավար Անահիտ Սարգսյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն իրավիճակը գնահատում է «բավարար, բայց՝ ոչ լավ»:

«Էլեկտրականության միջոցով գրադարանի ջեռուցումը ոչ միայն ծախսատար է, այլեւ ոչ արդյունավետ: Սա հնարավորությունների այս պահի թելադրանքով է, լավագույն տարբերակն է, որ կարող ենք անել», - ասում է տնօրենը:

Գրադարանի ղեկավարությունը կառավարությանն արդեն ներկայացրել է կաթսայատուն ունենալու եւ գազի միջոցով ջեռուցում ապահովելու ծրագիր: Ծրագրի իրականացումը կսկսվի այն պահից, երբ հաստատվի 2007 թվականի պետբյուջեն եւ գրադարանին տրամադրվեն համապատասխան միջոցներ:

«Թե երբ կլինի, ես կարող եմ ասել միայն բյուջեի հաստատումից հետո. գուցե` 2007-ին, գուցե՝ 2008-ին: Գիտեք, մշակույթը բյուջեյից ամենաքիչ ֆինանսավորում ստացող ոլորտն է, գրադարանի խնդիրներն էլ առաջնային չեն համարվում, բայց կարծում եմ այս անգամ հարցը կլուծվի», - ասում է Դավիթ Սարգսյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG