Մատչելիության հղումներ

Սադամ Հուսեյնը դատապարտվեց մահապատժի


Իրաքի գերագույն դատարանը կիրակի օրը երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտեց «կանխամտածված սպանության» համար:

69-ամյա Հուսեյնը մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ 1982 թվականի մահափորձի հետո Դուջաիլի 148 շիա բնակիչների սպանությունը հրահանգելու մեջ:

Դատավոր Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանը հայտարարել է, որ «պատժի առավելագույն չափը պետք է ի կատար ածվի»:

Իրաքի գերագույն ատյանի գլխավոր դատախազ Ջաֆար ալ-Մուսաուին դատավճռի հրապարակումից հետո թղթակիցներին ասել է, որ Սադամի հանցագործությունները «քաղաքացիական են եւ ոչ ռազմական, հետեւաբար՝ նա պետք է կախաղան բարձրացվի»:

Սադամի հետ մեկտեղ մահվան են դատապարտվել նաեւ նրա ազգական, Իրաքի հետախուզության նախկին ղեկավար Բարզան ալ-Թիքրիթին, ինչպես նաեւ Աուադ Ահմեդ ալ-Բանդարը, որը շիաների մահապատիժը հրահանգած այսպես կոչված «Հեղափոխական դատարանի» նախագահն էր:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդման համաձայն, նախկին վարչապետ Թահա Յասին Ռամադանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

«Բաաս» կուսակցության երեք ղեկավար գործիչներ դատապարտվել են 15-ական տարվա ազատազրկման, իսկ չորրորդը արդարացվել է:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ողջունել է Հուսեյնին մահապատժի դատապարտող դատավճիռը՝ այն անվանելով «շրջադարձային» Իրաքի համար:

Եվրամիությունը նույնպես ողջունել է դատավճիռը, սակայն, ինչպես եւ Վատիկանը, հորդորել է կախաղան չբարձրացնել Իրաքի նախկին բռնակալին:

Եվրամիության նախագահող Ֆինլանդիան, նշելով հանդերձ Սադամի օրոք մարդու իրավունքների սիստեմատիկ եւ համատարած ոտնահարումները, շեշտել է, որ դեմ է պատժի առավելագույն չափին՝ «բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը կարծիք է հայտնել, որ Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելը «անօգուտ եւ սխալ» կլինի եւ նրան կվերածի նահատակի: «Իրաքի ժողովրդին արդարադատություն է պետք, ոչ թե հատուցում», - շեշտել է Թերի Դեւիսը:

Իրաքի վարչապետ Նուրի Քամիլ ալ-Մալիքին հայտարարել է, որ դատավճիռը «հաղթանակ է Սադամի բոլոր զոհերի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG