Մատչելիության հղումներ

«Հնարավոր չէ նվազեցնել կոռուպցիան` միայն օրենքներ ընդունելով»


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ -Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնած`«Առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցների կարծիքով, Հայաստանում հնարավոր չէ նվազեցնել կոռուպցիան` միայն օրենքներ ընդունելով:

Վերլուծելով Հայաստանի իշխանությունների որդեգրած հակակոռուպցիոն ռազմավարության բովանդակությունը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ - Հայաստան» հասարակական կազմակերպությունը փաստում է, թե կոռուպցիայի դեմ պայքարում իշխանություններն առաջնային են համարում կանխարգելիչ քայլերը` ի վնաս բացահայտումների եւ հանրային աջակցության միջոցառումների:

«Չնայած այն ամենին, որ իսկապես արվում է Հայաստանում, փորձագիտական եւ հասարակական ընկալումն այնպիսին է, որ կոռուպցիան ոչ միայն չի նվազում, այլ նույնիսկ աճել է, որ այն ընդունել է նոր դրսեւորումներ, որ ավելի քաղաքականացվել է եւ ավելի խոշոր ծավալների տեսք է ընդունել», - ասաց կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանում այդ չարիքի դեմ պայքարելու համար բացակայում են շատ կարեւոր երեք բաղադրիչներ. - «Դատապարտումը եւ բահայտումը կոռուպցիոն հանցագործությունների, կանխարգելումը եւ հասարակության աջակցությունը եւ անհանդուրժողականությունը»:

Իհարկե, միանշանակ ասել, թե անցած երեք տարիների ընթացքում ոչինչ չի արվել, ըստ Ամալյա Կոստանյանի, ճիշտ չէ. - «Ընդունել ենք մի շարք օրենքներ, որոնք, միջազգային ստանդարտների համաձայն, ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն»:

«Բայց այստեղ մենք կանգ ենք առնում, որովհետեւ միայն ընդունելով օրենքներ, մենք չենք կարող ապահովել կոռուպցիայի նվազեցումը», - հավելեց Կոստանյանը:

Միջոցառման հրավիրյալների ցուցակը նախատեսում էր շուրջ 200 մասնակիցների ներկայություն` իշխանության վերին օղակներից, ինչպես նաեւ քաղաքական եւ հասարակական տարբեր կառույցներից: Սակայն ներկա էին ընդամենը երկու տասնյակ մասնակիցներ, որոնց շարքերում կարելի էր նկատել երկրում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մեկ կամ երկու անդամի, իսկ խորհրդին առնթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովի ներկայացուցիչներ առհասարակ չկային:

Միջոցառմանը ներկա քաղաքական միակ ուժի` «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը, որը նախապես ծանոթ լինելով հրավիրվածների ցուցակին, եկել էր աշխույժ քննարկման ակնկալիքով, հուսահատվեց` «Թրասնփերենսի Ինթերնեյշնլ - Հայաստանին», այդուհանդերձ, առաջարկելով միանալ հակակրիմինալ շարժմանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG