Մատչելիության հղումներ

Մաքսային կոմիտեի պետը պաշտպանում է իր տեղակալին


Երկուշաբթի օրը Հայաստանի մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը պաշտպանեց իր տեղակալ Գագիկ Խաչատրյանին խոշոր գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` վերջերս հնչեցրած մեղադրանքներից, թե «մաքսային դաշտը չի կարող հավասար լինել, եթե մաքսային կոմիտեի պետի տեղակալը 10-ից ավելի բիզնես ունի»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանը նշեց, որ Խաչատրյանի ազգականներին պատկանում է միայն «Գալաքսի» սուպերմարկետը:

«Եթե իմ տեղակալն է, դա չի նշանակում, որ պիտի բարեկամներ չունենա, կամ բարեկամները պետք է գրադարանավարներ լինեն», - հավելեց Ավետիսյանը:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ կոռուպցիային` Մաքսային կոմիտեի պետը ասաց, որ երբեւէ չի ժխտել, որ «այդ երեւույթը կա»: Նա անմիջապես վստահեցրեց, որ կա նաեւ այդ երեւույթի դեմ պայքարը` մատնանշելով ծառայության 121 աշխատակիցների ազատման փաստը. - «Տարբեր պատճառներով` աշխատանքի թերացման, նույն ձեր [ասած] կոռուպցիայի հետ կապված»:

«Այդ երեւույթը` կոռուպցիան, այնպիսի երեւույթ է, որ ապացուցելու ենթակա չէ», - ասաց Մաքսային կոմիտեի պետը` հավելելով, այդուհանդերձ, որ դրա դեմ պայքարում են «տարբեր եղանակներով», այդ թվում` իրենց «հատուկ ծառայությունների» միջոցով:

Ավետիսյանի փոխանցմամբ, 2005 թվականի համեմատությամբ, 2006-ի 9 ամիսների տվյալներով, ավելի քան 80 միլիարդ դրամով ավելացել է ներմուծումը` կազմելով 573 միլիարդ դրամ: Սա, սակայն, չի նշանակում, որ մեծացել են ներմուծվող ապրանքի ծավալները. պարզապես ներմուծումը բերվել է օրինական դաշտ: Հիմնականում օրինական դաշտ է բերվել կահույքի, շինանյութի, հագուստեղենի եւ, մասամբ, սննդի ներմուծումը:

Հայաստան այս տարի ներկրվել է ավելի քան 17 հազար մեքենա` 4 հազարով ավելի, քան նախորդ տարի: Ներկրված մեքենաներից ավելի քան 10 հազարի գինը չի գերազանցել 5 հազար դոլարը:

«Հիմնական ծավալը ցածր արժեք ունեցող մեքնենաներն են, որը, ըստ մեր վերլուծությունների, միջին խավի ձեւավորման գործընթացն են կարգավորում», - պարզաբանեց Արմեն Ավետիսյանը:

Այս տարի Մաքսային կոմիտեն 111 միլիարդ 166 միլիոն դրամի հավաքագրման պլան ունի եւ արդեն 866 միլիոնով գերակատարել է այն:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG