Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ տոնական զորահանդես


Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված զորահանդեսը անկախ Հայաստանի թվով 4-րդ զորահանդեսն էր:

Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին մասնակցում էին երկրի զինված ուժերի բոլոր զորատեսակները՝ բացի թրթուրավոր զրահատեխնիկայից: Մասնակցում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներ:

Զորահանդեսի հրամանատարը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էր: Զորահանդեսն ընդունեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորական խոսքով դիմեց հանրապետության նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը:

«Այսպիսի թանկ հոբելյանը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող: Անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման, ջանք չխնայել՝ կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդներին», - իր խոսքում շեշտեց նախագահը:

Զորահանդեսը սկսվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանի թմբկահարների քայլերթով: Այնուհետեւ հրապարակ մտան երկրի զինված ուժերի բանակային կորպուսների ստորաբաժանումները:

Զորահանդեսին կարելի էր հետեւել նաեւ հրապարակում տեղադրված էկրանի միջոցով:

«Ամերիկայից եկել ենք, որ այս օրը տեսնենք: Ամեն ինչով լավն է», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկահայ մի կին:

«Անկախությունը մեր բոլորիս իղձը, նպատակն էր, որին, բարեբախտաբար, հասել ենք: Դա, առաջին հերթին, ազատություն է, երկրորդ հերթին՝ պատասխանատվություն, որ մենք ինքներս մեր ճակատագիրը պետք է այսուհետեւ տնօրինենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հրապարակում զորահանդեսին հետեւող մի երիտասարդ կին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG