Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փողը՝ որպես նպատակ եւ միջոց» խորագրի ներքո «Առավոտ»-ի խմբագրականը փաստում է. - «Երկու թեմա է այսօր քննարկվում հայաստանցիների քաղաքականացված շրջանակներում՝ բռնությունների աճը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները»: «Այդ երկու թեմաների միջեւ կապը, կարծես թե, ոչ ոք չի ժխտում», - ենթադրում է թերթն ու եզրակացնում. - «Քանի որ այս նախընտրական պայքարում փողն է նպատակը, փողն ու ուժը պետք է լինի նաեւ միջոցը, եւ հիմա հենց այն ժամանակահատվածն է, երբ կատարվում է փողի եւ ուժի կուտակում եւ այդ ռեսուրսների բաշխում եւ վերաբաշխում՝ վճռական մարտերից առաջ»: «Փողն օգտագործվում է ընտրակաշառքների համար, իսկ ուժն անհրաժեշտ է վարչական լծակները եւ տեղական ավազակախմբերը սեփական շահերին ծառայեցնելու համար», - գնահատում է խմբագիրը: - «Այսքանից հետո հնարավո՞ր է, որ տարբեր «ուժային կենտրոններ» չունենան հակասություններ, որոնցից մի մասը կարող է լուծվել միայն կրակոցներով եւ պայթյուններով: Հնարավո՞ր է, որ այդ մեխանիզմները բացահայտող լրատվամիջոցները չենթարկվեն ճնշումների»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն այսօր անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի պաշտոնից հեռանալու, ինչպես նաեւ նոր դեսպանի նշանակման հանգամանքներին, մասնավորպաես, շեշտադրել է. - «Էվանսը արդեն հրաժեշտի երեկոներ է կազմակերպել, մեդալներ է ստացել ու մոտ ժամանակներս երեւի կլքի Հայաստանը: Իսկ սա նշանակում է, որ երեկ Ռիչարդ Հոգլանդի թեկնածության համար քվեարկելիս, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ոչ միայն պետք է ուղղորդվեին հայկական լոբբիի հետ իրենց հարաբերություններով, այլեւ` ԱՄՆ-ի պետական շահերով: Իսկ Մերձավոր Արեւելքում ստեղծված լարված իրավիճակի եւ, հատկապես, Իրանի հետ կապված գործընթացների անորոշության պայմաններում, Հայաստանում դեսպանի թափուր տեղ ունենալն այնքան էլ չի մտնում ԱՄՆ-ի պետական հետաքրքրությունների շրջանակների մեջ»:

Նույն թեմայի վերաբերյալ իր տեսակետը շարադրելով` «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը առանձնացրել է. - «Հասկանում ու գնահատում ենք Ջոն Էվանսի փոխարեն նոր դեսպան նշանակելու փորձերի դեմ ԱՄՆ-ի մեր հայրենակիցների վերջին ամիսների մղած պայքարը։ Սակայն ցանկացած պայքար արդյունավետ է որոշակի ժամանակի ու ձեւի մեջ։ Իսկ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները պետք է զարգանան ու խորանան անկախ նրանից՝ ո՞վ է լինելու մեր երկրում ամերիկյան դեսպանը։ Ուրեմն նման դժգոհությունը իր սկիզբն ու վերջը ունի... Հայաստանի համար խիստ կարեւոր է, որ պահպանվի երկկողմ հարաբերությունների ներկա վերընթաց բնույթը եւ ոչ մեկին թույլ չտրվի ԱՄՆ-ի դեսպանի փոփոխության հարցը վերածել դիվանագիտական լուրջ սկանդալի։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է մնալ այն համոզմանը, որ Ջոն Էվանսը ամենալավ ամերիկյան դեսպանն էր Հայաստանում։ Բայց, միաժամանակ, ամեն ոք պարտավոր է գիտակցել, որ օտարերկրյա դեսպաններին մենք չենք ընտրում»։

«Իրավունք»-ի տեղեկություններով, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները այս շաբաթվա ընթացքում սկսել են միջկուսակցական երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները, որոնց արդյունքում նախատեսվում է, որ կձեւավորվի պայմանականորեն «Ո՛չ կրիմինալին» անունը կրող շարժում կամ ճակատ։ Թերթի աղբյուրները չեն բացառել, որ այդ «շարժման ձեւավորմանը հետագայում կամ էլ հենց սկզբնական փուլում կմիանան նաեւ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ»։ «Հակակրիմինալ ճակատի ստեղծմանը եւ հաջողությանը, ընդդիմադիր առաջնորդների կարծիքով, կարող է լրջորեն նպաստել այն իրողությունը, որ Հայաստանում ստեղծված ծայրահեղ կրիմինալիզացված իրավիճակով լրջագույնս անհանգստացած են միջազգային կառույցները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները», - գրել է թերթը։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, այսօր փոխանցելով, թե Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի օպերատիվ-հետախուզական գործառույթները հանձնարարված են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, շեշտադրել է. - «Այն վարկածը, որ Հովասափյանի սպանությունը կարող է ներիշխանական, ավելի ճիշտ` ներկլանային բախումների արդյունք լինել, թերեւս ամենաիրատեսականն է: Հովասափյանի սպանությունից հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ հատկապես նա է եղել Հարկային պետական ծառայության ստվերային ղեկավարը, եւ այդ կառույցի գործունեության հարցում նրա խոսքը եղել է որոշիչ: Իսկ նրա միջոցով Հայաստանում իրականացվել է խոշոր բիզնեսի «քվոտավորումը»:

«Սակագների բարձրացման առաջարկը պայմանավորված է «ԱրմենՏել»-ի վաճառքի սակարկություններով: ՕՏԵ-ն ձգտում է ավելի բարձր գին ստանալ սպառողների հաշվին», - գրում է «Ազգ»-ը: «Ինչո՞վ է պայմանավորված սակագների բարձրացման ընկերության առաջարկը եւ արդյոք սա անակնկա՞լ քայլ էր: Ո՞րն է այս առաջարկի շարժառիթը», - հարցնում է մեկնաբանն ու պարզաբանում. - «Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ սակագների բարձրացման այս առաջարկն ուղղակիորեն կապված է ՕՏԵ-ի կողմից «ԱրմենՏել»-ի սպասվող վաճառքի հետ: Ամենայն հավանականությամբ, հունական ընկերությունը որոշել է առավել գրավիչ դարձնել «ԱրմենՏել»-ը եւ հնարավորինս բարձր գին պահանջել գնորդից: ՕՏԵ-ն փաստորեն հերթական անգամ փորձում է իր նպատակներին հասնել սպառողների, հետեւաբար բոլորիս հաշվին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG