Մատչելիության հղումներ

Ռոման Բերեզովսկին ավարտեց իր ելույթները Հայաստանի ֆուտբոլի հավաքականում


Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է ավարտել ելույթները հավաքականում: Բերեզովսկին պաշտոնական նամակով դիմել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

«Ընտանեկան բնույթի պրոբլեմների առաջացման եւ մարզական միկրովնասվածքների հետ կապված, ինչպես նաեւ հաշվի առնելով իմ տարիքը, հանգամանորեն քննարկելով բոլոր «կողմերն» ու «դեմերը», ընդունել եմ ինձ համար ոչ հեշտ որոշում` ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում: Հաշվի առնելով իմ բազմամյա ելույթները ազգային թիմում` ինչպես պաշտոնական, այնպես էլ ընկերական հանդիպումներում, հուսով եմ, որ ըմբռնումով կընդունեք իմ որոշումը», - ասվում է նամակում:

Մինչեւ այս պաշտոնական նամակը, Բերեզովսկու ակումբի՝ « Խիմկի»-֊ի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ՝ խնդրելով թույլատրել Բերեզովսկու բացակայությունը սեպտեմբերի 6-֊ին կայանալիք Հայաստան - Բելգիա հանդիպմանը, ինչին ֆեդերացիայի նախագահը չի համաձայնվել: Այնուհետեւ նման խնդրանքով ֆեդերացիայի նախագահին է դիմել նաեւ Բերեզովսկու եղբայրը՝ պատճառաբանելով, որ ակումբում Բերեզովսկին խոշոր գումար վաստակելու հնարավորություն ունի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը, Բերեզովսկու եղբոր խնդրանքին չընդառաջելուց հետո միայն, ամենայն հավանականությամբ, ակումբի ղեկավարների պահանջով, Ռոման Բերեզովսկին պաշտոնական նամակով դիմել է Ռուբեն Հայրապետյանին:

Բելգիայի հետ հանդիպումից առաջ մեր հավաքականը կադրային լուրջ խնդիրներ ունի: Վնասվածք է ստացել դարպասապահ Արմանդո Համբարձումյանը, տարբեր պատճառներով խաղին չեն կարող մասնակցել նաեւ Էդգար Մանուչարյանը, Արտավազդ Քարամյանը, Անդրես Խոսե Բիլիբիոն, Արա Հակոբյանը եւ Ռոբերտ Զեբելյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG