Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդները մաքրում են հայկական վանքերն ու բերդերը


«Դրանք այն հուշարձաններն են, որոնց իրական ժառանգորդն ենք մենք: «Հավատք եւ ժառանգություն» խորագիրը կրող արշավի նպատակը ոչ միայն երիտասարդներին համախմբելն ու մարզի հուշարձաններին ծանոթացնելն է, այլեւ տվյալ հուշարձանների բարեկարգումն ու շրջակա տարածքի մաքրումը», - ընդգծում է արշավի հարավային ուղղության ղեկավար Դավիթ Դավթյանը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ «Երկիր եւ մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպության ֆինանսական օժանակությամբ ամռանը կազմակերպվում է երիտասարդական արշավ դեպի Հայաստանի որեւէ մարզ: Նախորդ տարիներին արշավախմբեր են մեկնել Կոտայք, Արագածոտն եւ Վայոց Ձոր:

«Այս արշավի ընթացքում ծանոթացանք մի շարք հուշարձանների պատմությանն ու ներկա վիճակին: Այստեղ հավաքվել են երիտասարդներ, ովքեր մեր երկրի վաղվա օրն են»,- ասում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող, արշավին առաջին անգամ մասնակցող Մհերը:

«Էստեղ՝ էս հեռու գյուղերում, անառիկ վայրերում կառուցված մեր ամրոցներում եւ վանքերում մի պահ տեղափոխվում ես միջնադար, կտրվում ես քաղաքային աղմուկից ու անցուդարձից: Սա պատմությունդ եւ արվեստդ ճանաչելու, գնահատելու եւ պահպանելու լավագույն միջոցն է»,- համոզված է բոլոր նախորդ արշավներին մասնակցած Նարինեն:

Արշավի երկու ուղղությունների վերջնակետ Խարկով գյուղից երիտասարդ արշավորդները հեռադիտակների միջոցով ու սահմանապահների հսկողության տակ դիտեցին Ախուրյանի մյուս ափին գտնվող Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի ավերակները:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG