Մատչելիության հղումներ

Օսլոն աշխարհի ամենաթանկ քաղաքն է


Աշխարհի ամենաթանկ քաղաքը Օսլոն է, որին թանկությամբ հաջորդում են Լոնդոնը, Կոպենհագենը, Ցյուրիխը եւ Տոկիոն: Այսպիսին են շվեյցարական բանկային եւ ֆինանսական UBS խմբի՝ աշխարհի 71 քաղաքներում կատարած ուսումնասիրության արդյունքները:՝

Ապրելն ամենաէժանն է Բուենոս Այրեսում, Կուալա Լումպուրում եւ Հնդկաստանի Մումբայ քաղաքում:

Ամենաբարձր աշխատավարձը ստանում են Կոպենհագենի, Օսլոյի եւ Ցյուրիխի բնակիչները, սակայն ամենամեծ եկամուտն ունեն Շվեյցարիայի Ցյուրիխ ու Ժնեւ քաղաքների բնակիչները: ճիշտ է, Սկանդինավյան պետություններում ավելի բարձր աշխատավարձ են վճարում, բայց այնտեղ նաեւ հարկերն են շատ բարձր: Աշխարհում ամենաբարձր աշխատավարձ վճարում են Սկանդինավյան երկրներում, Շվեյցարիայում ու Միացյալ Նահանգներում:

Արեւմտյան Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում ուսումնասիրված 14 մասնագիտությունների ոլորտներում աշխատողները ժամում 18 դոլար են վաստակում: Նույն մասնագիտություններով Արեւելյան Եվրոպայում ու Ասիայում աշխատողները ժամում 4-5 դոլար են վարձատրվում:

Ուսումնասիրվել է նաեւ գնողունակությունը: Համաձայն UBS-֊ի ուսումնասիրության, բոլոր հարկերն ու վճարումները կատարելուց հետո Լոս Անջելեսում մեկ դոլարով ավելին կարելի է գնել, քան Չիկագոյում, Նյու Յորքում կամ Մայամիում: Գնողունակության տեսակետից առաջին տեղում Ցյուրիխն է, այդուհետ՝ Ժնեւը, Դուբլինը, Լոս Անջելեսը, ապա՝ Լյուքսեմբուրգը: Սնունդն ամենաթանկն է Տոկիոյում, ամենաէժանը՝ Մումբայում: Հյուրանոցների թանկությամբ առաջատար են Լոնդոնն ու Տոկիոն:

Ուսումնասիրությունը պարզել է նաեւ, որ Ասիայում մարդիկ տարեկան 50 օր ավելի են աշխատում, քան Արեւմտյան Եվրոպայում: Ասիայում մարդիկ ցածր աշխատավարձն ինչ-որ կերպ հավելելու համար ավելի շատ են աշխատում: Ըստ որում, Սեուլում ամենաերկար աշխատաժամանակն է՝ տարեկան 2088 ժամ, իսկ Փարիզում ամենաքիչն են աշխատում՝ տարեկան 1480 ժամ:

Նախկին խորհրդային միայն մի քանի քաղաք է տեղ գտել ուսումնասիրվող 71 քաղաքների շարքում՝ Կիեւ, Տալլին, Ռիգա, Մոսկվա: Երեւանում գների, եկամուտների, գնողունակության մասին տեղեկություններն այս ուսումնասիրության ուշադրության կենտրոնում չեն հայտնվել:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG