Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Ինքնորոշման իրավունքի կիրառումը ավելի ու ավելի ընդունելի է դառնում»


«Ինքնորոշման իրավունքի կիրառումը ավելի ու ավելի ընդունելի է դառնում Ստրասբուրգում», - փաստել է այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ Երեւանում ընդունելով Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Թորոսյանը, որն անցած շաբաթ Ստրասբուրգում մասնակցել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին, ասել է. - «Թեեւ Մոնտենեգրոյի անկախության հանրաքվեի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները փորձում էին զերծ մնալ այլ երկրների հետ համեմատություններից, սակայն ակնհայտ էր, որ ինքնորոշման իրավունքի կիրառումը ավելի ու ավելի ընդունելի է դառնում պատգամավորների համար»:

Տիգրան Թորոսյանը նշել է նաեւ, որ մահապատժի վերացման կոնվենցիան չվավերացրած երկրների մասին զեկույցի քննարկման ժամանակ արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղում մահապատիժը վերացված է` ի տարբերություն հակամարտության այլ գոտիների:

Երկու խորհրդարանների խոսնակների այսօրվա հանդիպման ժամանակ նշվել է նաեւ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG