Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը կասկածվում են միլիոններ կորզելու մեջ


Քրեական մի նոր խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում. ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր են: Նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

Խարդախության մեջ ներքաշված են եղել խմբի ղեկավար, 56-ամյա Կոնստանտին Գրիգորյանը, ով ժամանակին եղել է խորհրդային բանակի գնդապետ, նրա կինը՝ 54-ամյա Մայա Գրիգորյանը, նրանց փեսան՝ 34-ամյա Էդուարդ Գերշելիսը, Մայա Գրիգորյանի քրոջ ամուսինը՝ 47-ամյա Ալեքսանդր Տրենկերը եւ 36-ամյա Հարություն Գուլդերյանը:

Խումբը բժշկական մի քանի կլինիկաներ է ունեցել Լոս Անջելեսում, Գլենդեյլում եւ Փասադենայում եւ Medicare ապահովագրական ընկերությանը ներկայացրել շուրջ 20 միլիոն դոլարի հասնող բժշկական ծառայությունների կեղծ հաշիվներ: Այս խարդախությունները սկսվել են 1997 թվականից:

Նրանց նկատմամբ զեղծարարության, կեղծ հաշիվներ ներկայացնելու եւ դրամի լվացման պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել հինգշաբթի օրը: Գրիգորյաններն ու Գերշելիսը կալանավորվել են մարտի 21-ին, Գուլդերյանին եւ Տրենկերին ազատ են արձակել դրամական երաշխավորագրով:

Ինչպես նշել է գլխավոր դատախազի տեղակալ Բրյուս Սիրբայնը, «կասկածյալները ինչ-որ ժամանակ կարողացել են շրջանցել պետությունն ու օրենքները, սակայն հաշվի չեն առել Medicare ապահովագրական ծրագիրը պաշտպանելու գործում այս ընկերության ղեկավարության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների համառ ջանքերը»:

Հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ դատավարությունը սկսվելու է հունիսի 13-ին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG