Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյան. «Ժամանակն է, որ համանախագահները վերանայեն քաղաքականությունը»


Մի քանի ժամից Վաշինգտոնում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները: Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, նրանց գլխավոր նպատակն է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Ռամբույեում, նաեւ՝ հստակեցնել հետագա անելիքները: Անկախ փորձագետները եւս կարծում են, որ եկել է հստակ հետեւություններ անելու ու դասեր քաղելու՝ համանախագահների ժամանակը: Նման կարծիք «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Lիպարիտյանը:

«Համանախագահները պետք է կարողանան լավ վերլուծել, թե ինչ պատահեց եւ ինչն էր խնդիրը: Իրենք պատասխանատվության իրենց չափն էլ ունեն՝ ե'ւ պրոցեդուրալ, ե'ւ ըստ էության: Քաղաքականության վերանայման ժամանակն է: Կարծում եմ, ճիշտ է, որ Պրահայի գործընթացը շարունակելը իմաստ չունի, իսկ Մինսկի խմբի գործը տակավին կա՝ եթե կարողանան մի քանի լավ դաս սովորել այնտեղ», - կարծում է Լիպարիտյանը:

Ըստ նրա, սակայն, առանցքային հարցը այսօր Ղարաբաղի բանակցություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրն է: Առաջին նախագահի նախկին խորհրդականը անդրադարձավ նաեւ նախագահ Քոչարյանի պնդմանը, թե Հայաստանի մասնակցությունը բանակցություններին ավելի է ամրապնդում հայկական կողմի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

«Ուղղակի կողմերը Ղարաբաղն ու Բաքուն են: Ի վերջո, այդ զիջումները, այդ շահագրգռությունը Ղարաբաղի պատասխանատվությունն է: Անցյալի փորձն էլ ունենք, որ երբեմն օգտակար է Հայաստան-Ադրբեջան խոսակցությունը, բայց Ղարաբաղի բացակայությունը խնդիր է ստեղծել, երբ Երեւանը համաձայնել է, իսկ Ղարաբաղը չի համաձայնել», - նշեց Լիպարիտյանը:

Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի՝ անցած շաբաթ արած հայտարարությանը, թե «Ադրբեջանի կողմից բանակցությունները միտումնավոր փակուղի մտցնելու պարագայում Հայաստանը դե յուրե կճանաչի Lեռնային Ղարաբաղը», Ժիրայր Lիպարիտյանը առանձնակի օգուտներ Հայաստանի համար այդ քայլից չի ակնկալում:

«Նման հայտարարությունը բավական դժվարություն կստեղծի Ադրբեջանի հետ հետագա բանակցության առումով: Վստահ չեմ, թե Ղարաբաղին որեւէ առավելություն տա, նաեւ վստահ չեմ, թե եթե նման հայտարություն եղավ՝ հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Այդ իսկ պատճառով մեծ առավելություն չեմ տեսնում, հակառակը՝ մեծ պրոբլեմներ եմ տեսնում», - եզրափակեց Ժիրայր Լիպարիտյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG