Մատչելիության հղումներ

Սթիվեն Մանն. «Կողմերի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն տեղի չունեցավ»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը, Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի են ունեցել ինտենսիվ բանակցություններ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցերի ողջ շրջանակը, երկու նախագահների միջեւ լավ անձնական մթնոլորտ է ստեղծվել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:

«Քննարկումների արդյունքում կողմերի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն տեղի չունեցավ: Հիմա համանախագահները պետք է գնահատեն բանակցությունները», - հայտարարեց Սթիվեն Մաննը:

Նա հայտնեց, որ երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկնեն Բրյուսել՝ ԵԱՀԿ գործող նախագահին զեկուցելու համար, իսկ մարտ ամսի սկզբին Վաշինգտոնում կխորհրդակցեն Ղարաբաղի հարցի կարգավորման հետագա ընթացքի շուրջ:

«Մենք պետք է տեսնենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք այստեղից», - հայտարարեց Մաննը՝ ավելացնելով. - «Արդյունքներ չկան, համաձայնություն ձեռք չբերվեց»:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ անցած տարվա բանակցությունները՝ Քի Ուեստից հետո ու, հավանաբար, ղարաբաղյան գործընթացի ողջ պատմության ընթացքում, ամենալուրջ փորձն էին հակամարտությունը կարգավորելու համար: Բանակցող կողմերը, ըստ նրա, Քելբաջարի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ շատ դժվարին խնդիրների առջեւ հայտնվեցին եւ չկարողացան առաջ շարժվել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղի կարգավիճակը ենթադրում է հանրաքվեի անցկացում, աղբյուրը պատասխանեց, որ հանրաքվեն ղարաբաղյան կարգավիճակի մասն է կազմում:

Ենթադրություններ կան, որ հայկական կողմը գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը ցանկանում է կապել հանրաքվեի անցկացման ժամկետի հետ եւ այդ տրամաբանությամբ առաջարկում է Քելբաջարը հանձնել ամենավերջում՝ երբ ադրբեջանցիները համաձայնեն հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Սակայն ադրբեջանցիները դեմ են, եւ Ռամբույեում չհաջողվեց որեւէ առաջընթաց արձանագրել այս դիրքորոշումներում:

Այսպիսով, շաբաթներ շարունակ ճեղքում խոստացող դիվանագետերը ստիպված էին արձանագրել, որ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ոչ մի ճեղքում չի եղել եւ հակամարտության կողմերը մնացին այն դիրքորոշմանը, որ ունեին ամիսներ շարունակ:


Հրայր Թամրազյան, Ռամբույե

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG