Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը Փարիզո՞ւմ


Ադրբեջանական առաջատար ընդդիմադիր պարբերականներից «Ենի մուսավաթ» թերթը պնդում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը Փարիզում ԵԱՀԿ դիվանագետների հետ գաղտնի բանակցություններ է վարում, որոնց առանցքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է, մասնավորապես՝ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

Պաշտոնապես Ադրբեջանի նախագահը հունվարի 2-ից կարճատեւ արձակուրդում է: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, «Ենի մուսավաթը» պնդում է, որ Իլհամ Ալիեւը նախ մեկնել է Դուբայ, որտեղից արդեն ուղեւորվել է Ֆրանսիա:

Փարիզում Ադրբեջանի դեսպանության՝ անունը բացահայտել չցանկացած աշխատակիցը, որը ներկայացավ որպես փոխդեսպան, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ «Իլհամ Ալիեւի պաշտոնական այց Ֆրանսիա չկա, իսկ նախագահի մասնավոր կյանքի մասին որեւէ բան ասել ինքը չի կարող»: Միաժամանակ ադրբեջանցի դիվանագետը հրաժարվեց միանշակորեն հերքել, թե Իլհամ Ալիեւը Փարիզում է:

Ադրբեջանական աղբյուրները ներկայումս որեւէ տեղեկություն չեն հաղորդում Իլհամ Ալիեւի գտնվելու վայրի մասին՝ ենթադրելով միայն, որ եկող շաբաթ նա կլինի Բաքվում. հունվարի 20-ին Ադրբեջանը նշում է 1990 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակի օրը:


Հրայր Թամրազյան եւ Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG