Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Թուրքական պետությանը վիրավորանք հասցնելու դեմ օրենքը կարող է փոխվել»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե թուրքական պետությանը վիրավորանք հասցնելու դեմ օրենքը կարող է փոխվել:

Այս օրենքի հիման վրա դատական գործ հարուցվեց աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դեմ, ով, ըստ թուրքական դատարանի, վիրավորանք էր հասցրել Թուրքիային՝ ասելով, թե Թուրքիայում 1 միլիոն հայ է սպանվել: Օրենքը կիրառվել էր նաեւ հայ գրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ՝ եւ կրկին Թուրքիային վիրավորանք հասցնելու համար:

Միջազգային մամուլը, այդ թվում հեղինակավոր «Նյու Յորք թայմզ»-ը, դեկտեմբերի 25-ին հաղորդեց, թե թուրքական դատարանը եւս մի գործ է հարուցել Հրանտ Դինկի դեմ՝ հիմա նա մեղադրվում է դատական մարմինների վրա ազդելու փորձի մեջ:

Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով ավելի քան 60 գրող եւ հրատարակիչ է դատվել, բայց Փամուկի դատավարությունը, անշուշտ, գերազանցեց վատթարագույն սպասելիքները: Փամուկի գործը համարվեց փորձաքար Թուրքիայի համար՝ այն իմաստով, թե որքան անկեղծ է Թուրքիան Եվրամիության առջեւ, երբ խոստանում է, թե հարգելու է մարդու իրավունքները:

Հինգշաբթի 301 հոդվածը փոխելու մասին խոսեց նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Կառավարությունը այնպիսի ճնշման տակ է, որ մի կողմից, եթե փոխի օրենքը, ապա կկորցնի իր, այսպես ասենք, կայունությունը: Իսկ եթե չփոխի՝ կկորցնի իրեն նեցուկ կանգնած մտավորականների դիրքը: Ես մեծ հույս չունեմ, որ այդ օրենքները մոտ ժամանակներս պիտի փոխվեն, երկիրը նոր ընտրությունների շեմին է եւ շատ հավանական է, որ 2006-ը նախընտրական պայքարի շրջան դառնա: Չեմ կարծում, որ կառավարությունը հանդգնի այդ օրենքը փոխել, սակայն կարող է ճնշում բանեցնել դատարանների վրա, որպեսզի դատավարությունները պակասեն», - «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ կարծիք հայտնեց Հրանտ Դինկը:

«Ակոս» թերթի խմբագիրը համոզված է, որ ամեն դեպքում հայկական հարցի քննարկումը Թուրքիայում շարունակվելու է. - «Այդ օրենքները մեղմանան կամ վերանան թե՝ ոչ, սրանից հետո ականատես ենք լինելու, որ Թուրքիայի հասարակության մեջ այդ մասին ելույթ ունեցողները շատ են լինելու, եւ դա հնարավոր չէ հետ շրջել», - ասաց Հրանտ Դինկը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG