Մատչելիության հղումներ

Արիֆ Յունուսով. «Պատերազմի վերսկսման դեպքում 1993 թվականի կրկնություն չի լինի»


Ադրբեջանցի ռազմական փորձագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը հայտարարել է, թե Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության նախարարության ստեղծումը պետք է դիտարկել Հայաստանի հետ ընթացող բանակցությունների համատեքստում:

«Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ցանկանում է ցուցադրել իր ուժն ու կարողությունները: Բավական է հիշել, որ այս տարի պաշտպանական կարիքներին բյուջեի հատկացումները աճել են 70 տոկոսով, իսկ 2006 թվականին այդ ծախսերը կազմելու են 600 միլիոն դոլար», - day.az-ի բացառիկ հարցազրույցում կարծիք է հայտնել Արիֆ Յունուսովը:

«Անկասկած, այս ամենը արվում է արտաքին լսարանի՝ Հայաստանի, ԵԱՀԿ-ի համար: Ի դեպ, չեմ զարմանա, եթե մոտ ապագայում մենք լսենք շփման գոտում մեր բանակի զորավարժությունների մասին», - ասել է ռազմական փորագետը:

Յունուսովի խոսքերով, Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե որքան լուրջ են ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին իր հայտարարությունները. - «Պարզ է, որ հենց ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը կդառնա ոչ պիտանի եւ կվերացվի»:

Անդրադառնալով Ադրբեջանի, Հայաստանի բանակների եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի մարտունակությանը, ռազմական փորձագետը կարծիք է հայտնել, թե Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ավելի մարտունակ են, քանի որ այդտեղ «պատերազմին իրականում մասնակցած նորակոչիկների եւ սպաների թիվը ավելի մեծ է»:

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ կողմերից ոչ մեկը չունի որոշիչ առավելություն: Համոզված եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում 1993 թվականի կրկնություն չի լինի: Սակայն հուսալ, թե հայկական բանակը արագորեն կջախջախվի, նույնպես չի կարելի: Մենք կարող ենք վերադարձնել մի քանի շրջան», - հայտարարել է Արիֆ Յունուսովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG