Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանի կուսակցությունը խիստ քննադատության է ենթարկել «Արդարություն» դաշինքի քաղաքականությունը


«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Շավարշ Քոչարյանի գլխավորած Ազգային֊-ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) երեքշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել դաշինքի քաղաքականությունը:

«Արդարություն» դաշինքի որդեգրած սխալ քաղաքականությունը իշխանություններին հնարավորություն ընձեռեց առանց լուրջ ջանքերի կեղծել հանրաքվեի արդյունքները, ինչի հետեւանքով ունենք ավելի հուսահատված ժողովուրդ, ավելի թուլացած դիրքերով ընդդիմություն եւ ավելի սանձարձակ ռեժիմ», - ասված է ԱԺԿ֊ վարչության ընդունած հայտարարությունում: - «ԱԺԿ հետագա մասնակցությունը «Արդարություն» դաշինքի եւ խմբակցության աշխատանքներին պայմանավորված է դաշինքի կողմից սեփական սխալներն ընդունելու, ներքին մթնոլորտն առողջացնելու եւ արդյունավետ ու իրավիճակին համահունչ գործելու պատրաստակամությունից եւ ունակությունից»:


«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Շավարշ Քոչարյանը որեւէ վերջնաժամկետ չի նշել:

«Հասկանալի է, որ անվերջ չենք սպասելու. եթե դաշինքը չվերագնահատի իր քաղաքականությունը եւ չընդունի իր սխալները, դա մենք կընկալենք որպես պատասխան», - ասել է Շավարշ Քոչարյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG