Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի հերթական նիստը կայանալու է հունվարին


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն Բաքվի «525-րդ թերթ»-ին հայտնել, որ հունվարի 10-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հերթական նիստը:

Նիստում պետք է ի մի բերվեն պատվիրակությունների ղեկավարների հաշվետվությունները, սակայն մինչ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում՝ հետագա անելիքների քննարկման նպատակով: Հաշվետվությունները կամփոփի եւ վերջնական հաշվետվության տեսքով ԵԽԽՎ-ի Բյուրոյին (կարեւորագույն որոշումներ կայացնող հիմնական մարմնին) կներկայացնի հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը:

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը կայացել էր սեպտեմբերին Փարիզում: Նիստին մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում զեկուցող Գորան Լենմարկերը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Դեւիդ Աթկինսոնը, շփման գծում զինադադարի ռեժիմի պահպանման հարցով մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, «Լինքս» կազմակերպության ղեկավար Դենիս Սամուտը:

Հանձնաժողովը, որը ղեկավարում է բրիտանացի լորդ Ռասել Ջոնսթոնը, ստեղծվել էր ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում Դեւիդ Աթկինսոնի հեղինակած՝ ղարաբաղի հարցով զեկույցի հիման վրա ընդունված թիվ 1416 բանաձեւի շրջանակներում: Բանաձեւը մի քանի կոնկրետ կետեր է նախանշում հակամարտության կողմերի համար՝ զերծ մնալ պատերազմի սպառնալիքներ տարածելուց, պատերազմի քարոզչությունից, ինչպես նաեւ հարեւան երկրի նկատմամբ ատելության քարոզից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG