Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Տեր եմ լինելու ե’ւ «այո»-ին, ե’ւ «ոչ»-ին»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը ուսանողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով այս ամիս ավելի ուշ կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, ասաց, թե հանրաքվեի բացասական արդյունքը չի կարող սասանել իշխանությունների դիրքերը:

«Ի՞նչ կկատարվի, եթե հանրաքվեն չանցնի: Արդյո՞ք սա հարված է իշխանություններին, թե՞ ոչ... Միանգամից կարող եմ ասել, որ աշխարհը փուլ չի գա: Հաստատ», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով. - «Եվ ես որպես նախագահ տեր եմ լինելու ե’ւ «այո»-ին, ե’ւ «ոչ»-ին»:

Նա ասաց, որ եվրոպական որեւէ երկրի Սահմանադրությամբ նախագահը այնքան լիազորություններ չունի, որքան մեր երկրում գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ոչինչ չի լինի, եթե հանրաքվեն նորից ձախողվի:

«Գործող Սահմանադրությամբ էլ կարելի է շարունակել կյանքը», - ասաց նա: - «Բայց էսպիսի համեմատություն միգուցե կանեմ՝ ոնց որ հին մեքենայով. արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում... Բայց կարաս օգտվես, կարաս ինչ-որ տեղ հասնել: Մինչեւ Սեւան կհասնենք: Մի քիչ հեռու գնանք, բուքսիրով հետ կգանք»:

Ամփոփելով այդ համեմատությունը՝ Քոչարյանը ասաց. - «Հիմա որոշումը մերը պետք է լինի: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում... Ուզում ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել»:

Անդրադառնալով հանրաքվեի դրական ելքի տարբերակին, նախագահը ասաց, որ դա զարգացման նոր հնարավորություններ կընձեռի, Հայաստանը կայուն վարկանիշ կունենա:

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ նախագահի լիազորությունների առումով գործող Սահմանադրությունն ավելի ձեռնտու է իր համար: Նույնիսկ պատմեց, որ փոփոխությունների փաթեթը տուն է տարել, որպեսզի ընտանիքի անդամներն էլ իրազեկված լինեն:

«Երբ որ զավակներս ծանոթացան, կարդացին, մեկը ինձ հարցրեց՝ Պապա էս քեզ պե՞տք ա», - ասաց նա՝ շարունակելով. - «Իմ պատասխանը ուղղակի հետեւյալն էր. անձնապես ինձ պետք չէ, բայց քեզ պետք ա, տղաս: Քո համար եմ անում»:

Եվ հենց առումով նախագահ Քոչարյանին զարմացնում է, որ ընդդիմությունը պայքարում է այդ լիազորությունները (որոնցից ինքը «չի ձանձրացել) պահպանելու համար:

Ուսանողներից Քնարիկ Վարդանյանը նախագահին հարցրեց, թե արդյո՞ք նա պատրաստվում է այլ ղեկավար պաշտոն ստանձնել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:

«Այսօր ասում են նաեւ, թե նախագահը այս սահմանադրական բարեփոխումներին աջակցում է, ուժեղացնում է վարչապետի պաշտոնը, հետո այդ պաշտոնը զբացեղնելու համար», - պատասխանեց նախագահը՝ ավելացնելով, թե ուժեղացվում են նաեւ դատավորների, դատախազի պաշտոնների, Ազգային ժողովի կարգավիճակը: - «Հիմա այս ամենը չանենք մեկ նպատակով, որ նախագահին գործազո՞ւրկ թողնենք»:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես իմ ապագային, ապա՝ ո՞ւմից եմ պակաս գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ... Կգա ժամանակը՝ կմտածենք ինչ քայլեր ենք ձեռնարկելու հետագայում», - եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG