Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն է տվել 2006 թվականի բյուջեի նախագծին


Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանցել «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է 2006թ. տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղել ձեռք բերված տնտեսական աճի բարձր կայուն տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության, հատկապես սակավ ապահով խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության շարունակական նվազեցմանն ու դեռեւս առկա սոցիալական եւ տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը կառավարության նիստի ավարտին լրագրողներին ներկայացրեց բյուջետային հիմնական ցուցանիշները: 2006 թվականի պետական բյուջեն առաջարկվել է հաստատել եկամուտների գծով՝ 380,3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 450,2 մլրդ դրամ, դեֆիցիտը` 69,9 մլրդ դրամ: Սղաճը նախատեսվում է մինչեւ 3 տոկոս: Նախագծով մակրոտնտեսական զարգացումների արդյունքում 2006 թվականին կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7,5 տոկոս իրական աճ, որը եւ դրվել է բյուջետային ցուցանիշների հաշվարկման հիմքում:

Բյուջեի նախագիծը նախատեսել է նաեւ դրամաշնորհներ եւ վարկեր: «9 միլիարդ դրամի գրանտներ են ստացվելու: Վարկերի ստացումը 2006 թվականին ծրագրված է բյուջեում 44 միլիարդ 573 միլիոն դրամ», - ասաց Սաֆարյանը:

Փոխնախարարը ասաց, որ նախատեսված է նվազագույն աշխատավարձը ներկայիս 13 հազար դրամից հասցնել 15 հազար դրամի. - «Այդ օրենքով սահմանվում է, որ Հայաստանում 15 հազար դրամից պակաս աշխատավարձ պետք է չլինի»:

Կավելանան նաեւ ռազմական ծախսերը: «Պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարները կազմում են շուրջ 150 միլիոն դոլար», - ասաց նա՝ նշելով, որ դրանք ավելանալու են 13 միլիարդ դրամով:

Լրացուցիչ 8 միլիարդ դրամ է հատկացվելու կրթության բնագավառին: Առողջապահության եւ սոցիալական հատվածի հատկացումները ավելացել են ավելի քան 25 միլիարդ դրամով: Հատկացումների ավելացումը այստեղ կանդրադառնա նաեւ ուսուցիչների եւ բժիշկների աշխատավարձերի վրա:

Բարձրանալու են նաեւ նպաստներն ու կենսաթոշակները: «Սոցապ ոլորտին է ավելացվել [հատկացումը] թոշակների բարձրացման համար, ընտանիքներին նպաստների ավելացման համար», - մանրամասնեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ նպաստները կավելանան 3 հազար դրամով. կենսաթոշակները՝ միջին հաշվով 1500 դրամով:

«Քանի որ մենք ուզում ենք թոշակները բարձրացնել, պետք է նաեւ միջոցներ ձեռք առնել, որպեսզի բարձրացվեն սոցապ վճարները», - բացատրեց Պավել Սաֆարյանը: - «5 հազար դրամը, որ մինիմում գանձվում է որպես սոցապ վճար, այժմ բարձրացվել է 7 հազար դրամի»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG