Մատչելիության հղումներ

Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հակադարձում է Վան Բայբուրդյանի հայտարարություններին


Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երեկ տարածած հայտարարությամբ հակադարձել է սեպտեմբերի 24-ին Ախալքալակում տեղի ունեցած Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ընդունած բանաձեւի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանի հայտարարություններին:

«Խորհուրդը համոզված է, որ Վան Բայբուրդյանը որոշ մութ ուժերի ձեռքում խամաճիկ հանդիսացող այն անձնավորությունն է, որ իր սեփական շահերից մեկնելով կարող է խթանել Ջավախքում իրավիճակի ապակայունացում, ատելություն սերմանել հայ-վրացական բարեկամության մեջ», - ըստ «Ա-Ինֆո» գործակալության, ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 24-ին Ախալքալակում տեղի ունեցած համաժողովի բանաձեւի կապակցությամբ Վան Բայբուրդյանը ասել էր, թե «համաժողովի կողմից Ջավախքին ինքնավարություն տրամադրելու առաջարկն անհիմն է, եւ վրացական իշխանությունները Ախալքալակին եւ Նինոծմինդային տեղում կառավարելու բոլոր լիազորությունները տրամադրել են»:

Խորհուրդը Վան Բայբուրդյանին հորդորում է «լավ ծանոթանալ» Վրաստանի օրենսդրությանը եւ նոր հայտարարել, թե ինչ լիազորություններ ունեն Ախալքալակը եւ Նինոծմինդան. - «Վան Բայբուրդյանը նաեւ պետք է տեղեկանա, որ համաժողովի ընդունած բանաձեւը վերաբերվում է ամբողջ Սամցխե-Ջավախքին եւ Քվեմո Քարթլիի հայահոծ բնակավայրերին, ոչ թե միայն երկու շրջանների»:

Սամցխե-Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունված բանաձեւում առաջարկվում էր Ջավախքին Վրաստանի պետական կառուցվածքում տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին վրացական իշխանություններն առաջարկում են Հարավային Օսիային:

«Եթե իշխանությունները պատրաստակամ են Հարավային Օսիայում ապրող ընդամենը 40 հազար օսերին տալ ամենալայն ինքնավարություն, ապա 150-200 հազար կոմպակտ բնակվող հայերը անվերապահորեն եւս արժանի են ինքնավարության, առավել եւս, որ նրանք եղել են երկրի օրինապահ քաղաքացիներ եւ զենք չեն բարձրացրել պետության դեմ», - հայտարարել էր Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG