Մատչելիության հղումներ

Հայկական օդանավի անձնակազմը «հրավիրվել էր» Փարիզի օդանավակայանի մաքսատուն


«Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Զաքարյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ ավիաընկերության Երեւան – Փարիզ թռիչքն իրականացնող օդանավի անձնակազմը երեկ Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանում խնդիրներ է ունեցել մաքսատան հետ՝ հերքելով, սակայն, որ անձնակազմը ձերբակալված է եղել:

«Ուղղակի նրանք հրավիրվել են մաքսատուն: Կատարվել են տեսչական ստուգումներ եւ քանակը թույլատրված նորմերից ավելի է եղել... Ինքնաթիռը նույն անձնակազմով ետ է վերադարձել», - ասաց նա՝ պարաբանելով. - «Կատարվել են մաքսային որոշակի խախտումներ՝ Ֆրանսիայի սահմանը հատելիս: Տեղափոխվել է չարտոնված քանակի ապրանք»:

Նրա խոսքերով, այդ ապրանքը առանց մաքսատուրքի Ֆրանսիայից դուրս բերելու համար թույլատրված քանակից ավելի սիգարետներ են եղել:

Օդանավի 11 անդամներից բաղկացած անձնակազմի նկատմամբ ավիաընկերությունը անցկացնում է հետաքննություն: Զաքարյանը խոստացավ հավելյալ տեղեկատվություն տրամադրել հետաքննության ավարտին:

«Անձնակազմին հիմա արգելված է թռիչքներ կատարել մինչեւ հետաքննությունը չավարտվի», - ասաց նա՝ ավելացնելով. - ««Խոսքը չի վերաբերում խոշորաչափ մաքսային խախտման... Հնարավոր է, որ մաքսատուրքը վճարելուց հետո կթույլատրել այդ քանակը ներս մտցնել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG