Մատչելիության հղումներ

Նախկին ամբաստանյալներին ԱՄՆ-ի քաղաքացիություն շնորհելու մասին վճիռն ուժի մեջ է


«Ասոշիեյթեդ Փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, 9-րդ շրջանային վճռաբեկ դատարանը երեկ հաստատել է դաշնային դատարանի որոշումը՝ նախկինում ահաբեկչություն ծրագրելու մեջ մեղադրված երկու հայերի ամերիկյան քաղաքացիություն շնորհելու մասին:

1982 թվականին երկու հայ երիտասարդներ՝ Վիգեն Հովսեփյանն ու Վիգեն 3ագուբյանը, եւ եւս երկու մարդ ձերբակալվել էին այն բանից հետո, երբ իրավապահները հայթայթել էին ձայնագրություն, որն ապացուցում էր, որ նրանք ծրագրում էին պայթեցնել Թուրքիայի հյուպատոսարանը Ֆիլադելֆիայում: Դա պետք է արվեր որպես վրեժ 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Ըստ իրավապահների, ամբաստանյալները կապ են ունեցել «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբավորման հետ:

1984 թվականին Հովսեփյանին դատապարտել էին 6 տարվա ազատազրկման, իսկ 3ագուբյանին՝ 3 տարվա, որպես լրացուցիչ պատժամիջոց նշանակելով նաեւ հազար ժամ հանրօգուտ աշխատանք: 3ագուբյանը՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, այսօր Լոս Անջելեսի Լիթլ Արմենիա թաղամասում «Ռոզ եւ Ալեքս Փիլիփոս» հայկական դպրոցի տնօրենն է:

Հովսեփյանն էլ, ըստ նրա փաստաբանի, զբաղված է հանրօգուտ աշխատանքով՝ հաճախ հանդիպում է երիտասարդներին, նրանց հետ զրույցում բողոքի ակցիաները ոչ բռնի մեթոդներով իրականացնելու անհրաժեշտության մասին:

«80-ականներից ի վեր նա շատ է փոխվել: Նա հիմա մեծ նպաստ է բերում հասարակությանը», - ասել է փաստաբան Բարրի Լիթը:

90-ական թվականներին Հովսեփյանն ու 3ագուբյանը դուրս են եկել բանտից, հրապարակավ դատապարտել են բռնությունը, այսօրվա դրությամբ ունեն դոկտորական կոչումներ: 1997 թվականին նրանք ամերիկյան քաղաքացիություն ստանալու դիմումներ են ներկայացրել, սակայն ներգաղթի հարցերով զբաղվող պետական հիմնարկը ձգձգել էր դիմումների քննարկումը:

Նրանք հայցով դիմել էին դաշնային դատարան, եւ 2001 թվականին այդ ատյանը համաձայնել էր ընթացք տալ քաղաքացիություն շնորհելու դիմումին: Վճռաբեկ դատարանը, սակայն, շրջանային դատավոր Մարիանա Ֆալզերին պարտադրել է վերանայել գործը: Վերջինս, այդուհանդերձ, վերստին ընդունել է քաղաքացիություն շնորհելու որոշում:

Իսկ երեկ վճռաբեկ դատարանը հաստատել է շրջանային դատավորի վճիռը: Այն այլեւս վերջնական է:

«Այսպիսով քաղաքացիություն ստանալու համար Հովսեփյանի եւ 3ագուբյանի մղած երկարատեւ պայքարը բարեհաջող ավարտ է ունեցել», - նշել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG