Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գլխավոր դատախազը հրահանգել է անձեռնմխելիությունից զրկել եւ ձերբակալել Ռասուլ Գուլիեւին


Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը կիրակի օրը հրահանգել է անձեռնմխելիությունից զրկել եւ անմիջապես ձերբակալել նախօրեին պատգամավորության թեկնածու գրանցված Ռասուլ Գուլիեւին: Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Գուլիեւը արդեն 10 տարի ապրում է Միացյալ Նահանգներում եւ ներկայումս գլխավորում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը:

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Գուլիեւը 1990-1995 թվականին մենաշնորհ էր սահմանել նավթի արդյունահանման եւ արտահանման բնագավառում, չարաշահումներ էր թույլ տվել եւ մսխել հանրության գումարները:

Երեկ ընտրատարածքային հանձնաժողովներից մեկը Գուլիեւին գրանցել էր որպես պատգամավորության թեկնածու:

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ գլխավոր դատախազի հրահանգը հակասահմանադրական է, քանզի պատգամավորության թեկնածուն կարող է անձեռնմխելիությունից զրկվել գլխավոր դատախազի հրահանգով միմիայն այն դեպքում, եթե բռնվի հանցանքի վայրում:

Ջալալօղլուն հայտնել է, որ երկուշաբթի օրը դիմելու է դատարան եւ պահանջելու է չեղյալ հայտարարել գլխավոր դատախազի որոշումը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG