Մատչելիության հղումներ

Կազանի հանդիպումից «սենսացիաներ պետք չէ սպասել»


Երեքշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, հույս հայտնեցին, որ վաղը կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում կկարողանան փոքր-ինչ մերձեցնել Ղարաբաղյան կարգավորման հարցում դեռեւս էականորեն տարբերվող մոտեցումները:

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իրենց դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ ավելացնելով, այդուհանդերձ, թե «այս հարցում կողմերը փորձում են ինչ-որ համաձայնության գալ»:

Մամեդյարովը ասաց, թե քննարկվող հարցերի շրջանակում է նաեւ հանրաքվեի տարբերակը. - «Այլ հարց է, թե երբ է անցկացվելու այդ հանրաքվեն եւ ինչ ձեւով»:

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը առաջին անգամ է խոսում Լեռնային Ղարաբաղում կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական գործիչները հայտարարում էին, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, իսկ հանրաքվե կարող է անցկացվել միայն ամբողջ երկրի տարածքում:

Մամեդյարովը չհամաձայնեց դիտարկմանը, թե վերջին ամիսներին Ադրբեջանում ավելի հաճախ են հնչում հարցը պատերազմական ճանապարհով լուծելու կոչերը:

«Մենք հիմա անգամ կոչ ենք անում ղարաբաղցիներին մասնակցել նոյեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին», - փաստարկեց նա:

«Պետք չէ նայել դեպի անցյալը, այլ պետք է նկատի ունենալ հանգամանքը, որ մի թիզ հողի վրա պետք է կողք-կողքի կառուցենք մեր ապագան», - ասաց Ադրբեջանի արտգործնախարարը՝ ավելացնելով նաեւ, թե «սենսացիաներ պետք չէ սպասել» Կազանում կայանալիք Քոչարյան - Ալիեւ հանդիպումից: - «Բանակցությունները շարունակվում են Պրահայի գործընթացի շրջանակներում: Որեւէ փաստաթղթի մասին այսօր խոսք լինել չի կարող»:

Հայաստանի արտգործնախարարը նույնպես ասաց, թե պետք չէ սպասել, որ Կազանում փաստաթուղթ կստորագրվի: Առաջիկա բանակցությունների վերաբերյալ Վարդան Օսկանյանը ասաց. - «Բովանդակային մանրամասներ այս պահին չեմ կարող տալ: Կարող եմ ասել, որ Պրահյան օրակարգը, որը իր մեջ պարունակում է խնդրի կարգավորման բոլոր էլեմենտները՝ կարգավիճակից մինչեւ փախստականներ, անվտանգություն եւ այլն, այդ բոլորի մասին մեր քննարկումները վաղը կշարունակվեն՝ հույս ունենալով, որ կկարողանանք լրացուցիչ տեղաշարժ արձանագրել»:

«Դեռ շատ վաղ է որեւէ համաձայնագրի մասին խոսելը», - շարունակեց Օսկանյանը: - «Այս պահի դրությամբ կարգավորման էլեմենտների վրա ենք կենտրոնացել, եւ երբ զգացվի, որ բավարար էլեմենտների շուրջ արդեն ընդհանուր եզրեր գտել ենք, արժե մտածել այդ բոլորը պայմանագրի տեսքով ինչ-որ թղթի վրա դնել: Բայց այս պահի դրությամբ դեռ շատ հեռու ենք նման իրավիճակից»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG