Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 20-ը օգոստոսի)

«Հայկական ժամանակ»-ը ընդդիմության վերջին շրջանի վարքագծում նախադրյալներ է ուրվագծել, որոնք «կարող են հնարավոր դարձնել ժողովրդավարական հեղափոխությունը Հայաստանում»։ Այդ դիտանկյունից թերթի մեկնաբանը, կարեւորելով ընդդիմության կողմից աշխարհաքաղաքական ճիշտ հաշվարկը, նկատել է. - «Եվրոպական կառույցների կամ ավելի ճիշտ դրա պաշտոնյաների հետ հակասությունը վերստին պարարտ հող է ստեղծում, որպեսզի ռուսական համապատասխան կառույցները ընդդիմությանը առաջարկեն հովանավորություն»։ Այդուհանդերձ, ըստ թերթի, ընդդիմության լիդերները պետք է հաշվի առնեն, որ գլոբալ առումով ի դեմս Ռուսաստանի գործ ունենք մարող գործոնի հետ, եւ, ի վերջո, վերջնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն իրականացնելն է, մի բան, որին Ռուսաստանը միշտ էլ դեմ է սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե դա աշխարհի որ մասում է տեղի ունենում։ Թերթի մեկնաբանի ընկալմամբ, մեր ընդդիմությունը դա զգացել է դեռեւս 2003 եւ 2004 թվականներին, երբ «ռուսական հայտնի շրջանակները ամենավճռական պահին ի վերջո կանգնեցին Քոչարյանի կողքին, եւ ընդդիմության դերը ընդամենը եղել է Քոչարյանին Ռուսաստանի դուռը տանելը»։ «Եվ եթե առաջիկա քաղաքական սեզոնում ընդդիմությունը կրկնի իր այդ սխալը, հեղափոխության ծրագիրը տապալված է ի սկզբանե», - եզրակացրել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը։

Կոմկուսի անդամ Խորեն Սարգսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում հավանական է համարել նոյեմբերին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի տապալումը՝ փաստարկելով. - «Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլինի, այն վախը, որը մտած է ժողովրդի մեջ, որ այդ Սահմանադրությունը կարող է սողանցք թողնել Ռոբերտ Քոչարյանի երրորդ անգամ վերընտրության համար՝ բավական է»: Սահմանադրական հանրաքվեի տապալումից հետո երդվյալ կոմունիստը կանխատեսել է փոփոխությունների հետեւյալ սցենարը. - «Ճնշումներ կլինեն, որոնց արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կգնա կոալիցիան ցրելու ճանապարհով, քանի որ բարեփոխումների հեղինակն է: Այնուհետեւ սկսվելու է ընդդիմադիր ճակատից նախագահի հավանական թեկնածուներին «ջարդելու» գործընթացը... Ընդդիմությունից որեւիցե մեկին նախագահը կառաջարկի վարչապետի պաշտոնը: Եթե հրաժարվեն, կասի՝ տեսա՞ք, ես առաջարկեցի, իսկ իրենք խուսափեցին պատասխանատվությունից»: Իսկ եթե համաձայնեն՝ թերթի զրուցակիցը համոզված է, որ վարչական բոլոր ռեսուրսները կօգտագործվեն «ընդդիմադիր վարչապետի» դեմ՝ նրան «ոչնչացնելու» նպատակով:

«Հայկական ժամանակ»-ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, տեղեկացրել է, թե ՀԺԿ վերնախավում որոշում է կայացվել, ըստ որի այդ կուսակցության վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու է առաջադրվելու։ Ընտրական թեման զարգացնելով՝ նույն թերթը փոխանցել է, թե Հայաստանի Հանրապետության թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահության կազմում ընդդիմությունն այդպես էլ չունեցավ ոչ մի ներկայացուցիչ։ Թերթը կոմպլեկտավորված նոր ընտրատարածքային հանձնաժողովները համեմատելով նախկին հանձնաժողովների հետ արձանագրել է, թե նախկինի համեմատ ոչինչ չի փոխվել. - «Ընտրական համակարգը շարունակում է մնալ կոալիցիայի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների վերահսկողության ներքո»։

«Ազգ»-ը գրել է, թե «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Անուշ Գրիգորյանը Գեղեցկության միջազգային կազմակերպության կողմից պաշտոնապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել գեղեցկության մոտակա մրցույթին: Ըստ թերթի, Պանամայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարվել է, որ այդ որոշման հիմքում դրվել են ապացուցված փաստեր այն մասին, որ հուլիսի 30-ին Չինաստանում կայացած «Միսս միջմայրցամաքային» գեղեցկության մրցույթում լավագույն հնգյակում հայտնված եւ ապա 4-րդ տեղը զբաղեցրած Անուշ Գրիգորյանը հաղթել է, քանի որ 10 հազար եվրոյով կաշառված են եղել դատավորներից երեքը:
Ըստ թերթի, Գեղեցկության համաշխարհային կազմակերպության Պանամայի գրասենյակի ճնշման տակ վերը նշված կազմակերպության Եվրոպայի բաժնի տնօրենը խոստովանել է, որ «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը եւ նրա օգնականը համաձայնություն են ստորագրել Չինաստանում կայացած մրցույթի երեք դատավորներին 10 հազար եվրո վճարել, եթե վերջիններիս ձայների օգնությամբ Անուշ Գրիգորյանը հայտնվի լավագույն հնգյակում: Տեղեկացնելով, որ Գեղեցկության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրենն արդեն հրաժարական է տվել, թերթը փոխանցում է, թե Գեղեցկության համաշխարհային կազմակերպության կողմից «Միսս Հայաստան» գործակալությունը զրկված է Գեղեցկության միջազգային կազմակերպության բոլոր լիցենզիաներից։

«Ազգ»-ը նաեւ փոխանցում է, թե հայաստանյան ֆինանսական շուկայում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30 նիշով: Դրամի հետեւողական արժեզրկումն ամերիկյան դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու եւ վրացական լարիի նկատմամբ սկսվեց հուլիսի 17-ից: Փաստորեն, ըստ թերթի, մեկ ամսում դրամը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 41 դրամով: «Ազգ»-ի կանխատեսմամբ, դատելով Երեւանի արժույթի փոխանակման կետերի առուվաճառքի տվյալներից, կարելի է ենթադրել, որ դրամի արժեզրկումը շարունակվելու է: Հարեւան Վրաստանում մեկ ամսվա կտրվածքով լարին դոլարի եւ եվրոյի նկատմամբ, ի տարբերություն Հայաստանի, չի արժեզրկվել, ավելին, թեեւ աննշան՝ արժեւորվել է: Իսկ Ադրբեջանում այդ ընթացքում մանաթը արժեւորվել է հիմնական արտարժույթների նկատմամբ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG