Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ն այսօրվա համարում փորձելով կանխատեսել հայաստանյան իշխանության հնարավոր հերթափոխը, գրել է. - «Թեեւ գունավոր հեղափոխությունների մասին վերջերս շատ է խոսվում, եւ հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր ավտորիտար առաջնորդների ու էլիտաների սիրտը դող է ընկել, այնուամենայնիվ, չի կարելի միանշանակ պնդել, որ այդպիսի հեղափոխություն Հայաստանում անպայման տեղի կունենա»։

Ըստ թերթի մեկնաբանի, հայաստանյան իշխող կլանը պատրաստ է ամեն գնով պահպանել իշխանութունը «անգամ եթե դա արվի ազգային պետական շահերի անտեսմամբ»։ Այդուհանդերձ, նույն իշխանությունը հարկադրված է գոնե արտաքնապես ձգտել ամեն ինչին հաղորդելու քաղաքակիրթ, եվրոպականացված տեսք։ Դրա վառ վկայությունը թեկուզ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների անվերապահ ընդունումն է։ Դա նշանակում է նաեւ, որ գոնե սահմանադրական հանրաքվեից հետո կայանալիք հանրապետական ընտրությունները՝ եւ խորհրդարանական եւ նախագահական, չեն կարող լինել ակնհայտ, աչքի զարնող զանգվածային կեղծիքների ու բռնությունների միջոցով։ Այստեղից թերթի մեկնաբանը բխեցրել է, թե 2008 թվականին Սերժ Սարգսյանը, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մերձավորը, եւ այսպես ասած «լավագույն իրավահաջորդը», չի կարող քվեարկվել իբրեւ նախագահի թեկնածու։

«Առավոտ»-ի խմբագրականը, իր հերթին, ընդհանուր ախտանշաններ հայտնաբերելով իշխանության եւ ընդդիմության վարքագծերում, երկուսին էլ պարանոյա կոչվող հոգեկան հիվանդությունն է վերագրել, ինչին, ըստ թերթի, «բնորոշ է կայուն եւ համակարգված զառանցանքը»։ Մասնավորապես, քաղաքական դաշտի ընդդիմադիր թեւին առավոտի խմբագիրը այսպիսի բնորոշում է տալիս. - «Ամեն մի իրեն հարգող ընդդիմադիր կարծում է, որ նրա՝ նախագահ դառնալու հավակնություններն այնքան մեծ են, եւ նա, հետեւաբար, այնքան վտանգավոր է իշխանության համար, որ վերջինս ամեն վայրկյան կաշվից դուրս է գալիս՝ դեպի թագավորական գահն իր երթը կասեցնելու համար։ Եւ եթե ասենք, որեւէ մարդ հրճվանքով չի խոսում իր՝ ընդդիմադիր ազգանվեր գործունեության մասին, ապա, դավադրության այս տեսությունից ելնելով, նա անպայման դրանում կտեսնի իշխանության ձեռքը։

Սակայն, ըստ «Առավոտ»-ի, հասարակության համար առավել վտանգավոր է, երբ այդ հիվանդության ախտանիշներ է ցուցաբերում իշխանությունը, որի մոտ պաթոլոգիայի դրսեւորումները կարող են տարբեր լինել։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն «Աառավոտ»-ին տված հարցազրույցում այսօր կարծիք է հայտնել, թե երկրի առջեւ ծառացած խնդիրների պատասխանատուն ամենեւին էլ անկատար սահմանադրությունը չէ: Մասնավորապես, նա ասել է. - «Մենք կողմնակից ենք սահմանադրական փոփոխություններին եւ չենք համարում, որ գործող Սահմանադրությունը կատարյալ է: Մյուս կողմից, ընդգծում ենք, որ գործող Սահմանադրության մեջ էլ գրված չէ, որ ընտրությունները կարելի է կեղծել, որ երթեր, հանրահավաքներ անել չի կարելի, կամ մարդն ազատ տեղաշարժի իրավունք չունի: Այսինքն՝ խնդիրը ոչ թե օրենքի, այլ այդ օրենքը կատարելու կամքի մեջ է, նկատել է ընդիմադիր կուսակցապետն ու հավելել թե, երբ երկրում ամեն օր օրենք է ոտնահարվում, իսկ այս իշխանություններին կարելի է «Գինեսի» գրքում գրանցել՝ որպես Սահմանադրության գրեթե բոլոր դրույթները խախտողի, խոսել Սահմանադրության փոփոխությունների մասին՝ ուղղակի անհեթեթ եմ համարում»։

«Հայկական ժամանակ»-ն այսօր կարծիք է հայտնել, թե առաջիկա քաղաքական աշնանը վերստին կվերածնվի ընդդիմադիր դաշտի «Արդարություն դաշինք» գումարած «Ազգային միաբանություն» միացյալ ֆորմատը։ Վերջինիս առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ այդ հարցը լուծված համարելով, թերթին փոխանցել է, թե «այժմ խոսք կարող է լինել այդ ֆորմատի ընդլայնման մասին»։

Նույն թերթն այսօր իր վերլուծությունը փոխանցելով մայրաքաղաքի կենտրոնի ինտենսիվ կառուցապատման մասին, գրել է, թե Երեւանի կենտրոնի «բանգլադեշացումը» համառորեն շարունակվում է, նկատի ունենալով Կինոյի տան դիմաց՝ Վերնիսաժի հարեւանությամբ կառուցվելիք 22 հարկանի բնակելի շենքի շինարարությունը։ Աժդահա շենքի նախագծումը ընթանում է հույժ գաղտնի պայմաններում։

Թերթը փոխանցում է նախագծին ծանոթ ճարտարապետների կարծիքը, թե այն տեղը, որ ընտրված է այդ շենքի շինարարության համար, տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Վերլուծաբանը փոխանցելով, որ վերջերս այդ կառուցվելիք շենքին սպասարկելու համար Վերնիսաժի այգու հաշվին վերջերս երկու ճանապարհներ են բացվել, գնահատում է. - «Պետք չէ դեդուկտիվ մեթոդի դիմել կռահելու համար, որ այդ փողոցները բացվել են 22 հարկանի այդ աժդահա շենքին սպասարկելու համար: Եւ ընդհանրապես, Վերնիսաժի այգին վեր է ածվելու այդ շենքը սպասարկող մի տարածքի՝ առաջին հերթին որպես ավտոկանգառ: Իսկ որ նման շենք կառուցելու միակ նպատակը փող աշխատելն է, թերեւս առանձին նշելու կարիք չկա»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG