Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ը այսօրվա համարում փորձել է բացահայտել իշխանության եւ ընդդիմության վարքագծի խորքային դրդապատճառները։ Ըստ թերթի մեկնաբանի, իշխանությունը անհամասեռ է, ինչը երեւաց, երբ գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ կոալիցիոն, ամիսներ առաջ հավաքվել էին իրար գլուխ, որպեսզի դատապարտեն Սեւանում ընդդիմադիր հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած սադրանքը. - «Քանի որ այդ հայտարարությունը մնաց անհետեւանք, ակնհայտ դարձավ, որ իշխանական կուսակցությունները չեն իշխանության իրական կրողը, այլ կիսաքրեական, կլանային, օլիգարխիկ համակարգը։ Իսկ իշխանական կուսակցությունները կատարում են այդ համակարգի քաղաքական ծխածածկույթի դերը»։ Ինչ վերաբերում է ընդդիմության քաղաքական նկարագրին, ապա, ըստ «Իրավունք»-ի, «դրա շարքերում ծագած՝ կառուցողական թե ապակառուցողական լինելու շուրջ վեճը նույնպես գաղափարական կամ ծրագրային երանգներ չունի»։ Նկատելով, որ առայսօր ընդդիմությունը հանրությանը իշխանափոխության դեպքում երկրում օրինականության եւ օրենքի գերակայության վերականգման երաշխիքներ չի ներկայացրել, թերթը գրում է. - «Երեւի թե դա է պատճառը, որ ամեն մի չակերտված «հեղափոխական նախաձեռնությանը» հետեւում է նույնքան չակերտված մի քանի օրվա «ժողովրդական թամաշան», իսկ այնուհետ թամաշա անողների մնացորդները ոստիկանությունից ծեծ են ուտում ու ցրվում տներով, իսկ առավել ջանասեր ծեծողները իշխող կլանի կողմից պարգեւատրվում են տարատեսակ բարիքներով»։

Նույն թերթը, վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրը, հայտնել է, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մինչեւ Մոնտե Կառլո հանգստի մեկնելը հավաքել է իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին ու հերթական անգամ հայտարարել, որ առաջիկա ընտրություններում հաղթելու նպատակով պատրաստ է ծախսել 300 միլիոն դոլար՝ իր եւ իր թիմակիցների հաղթանակն ապահովելու համար։

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն այսօր «Առավոտ»-ի միջոցով հակադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինի դիտարկմանը, թե Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը վստահ չէ, թե այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը. - «Երբ խորանում ես պարոն Պրյախինի հարցազրույցում, ակամա մտածում ես, որ դրա բուն թեման թխվել է կա'մ պաշտպանության նախարարի, կա'մ Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում»։ «Պարոն Պրյախինը, ասես, փորձում է սաստել մեր ժողովրդին՝ զսպաշապիկ հագցնելով, ասելով՝ ինչ կա, սա է, այս իշխանություններն են եւ երբեք մտքներովդ չանցնի, որ իշխանափոխություն կանեք ու կապրեք ավելի լավ կյանքով», - ասում է «Ազգային միաբանության» առաջնորդն ու նկատում, թե չափազանց վտանգավոր է, երբ նման պաշտոն զբաղեցնող մարդն է այդ մասին խոսում։ Վլադիմիր Պրյախինի հաջորդ դիտարկմանը, թե Հայաստանի մամուլն ազատ է, Գեղամյանը հակադարձել է. - «Եթե մամուլն ազատ է եւ ընդդիմությանը տեղ են տալիս, ապա ուրեմն ինչու 2004-ի ապրիլի 5-ին «Առավոտ»-ի թղթակցուհուն ծեծուջարդի ենթարկեցին: Գուցե դա՞ ոգեւորեց պարոն Պրյախինին, որ այդպիսի հետեւությունների հանգեց։ Գուցե պարոն Պրյախինին ոգեւորում է նաեւ այն, որ ամեն քայլափոխի խախտվում է գործող Սահմանադրությունը, այդ խախտումներն անհետեւանք են մնում եւ երբեք չեն արժանանում նույն երեւանյան գրասենյակի գնահատականին»։

Զարգացնելով առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների՝ 6 փուլով անցկացվելիք ընտրությունների թեման ու այդ առումով Հայաստանի թաղերում թեժ աշուն կանխատեսելով՝ «Առավոտ»-ն այսօր փոխանցել է, թե Երեւանում հատկապես սուր պայքար է սպասվում Կենտրոն եւ Արաբկիր համայնքների թաղապետի ընտրություններում։ Ըստ թերթի, Էրեբունի համայնքում, ըստ ամենայնի, կառաջարդվի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը, Նուբարաշենում, բացի համայնքի գործող թաղապետ Ռոբերտ Ասատրյանից, հավանաբար, կառաջադրվի գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպանած մի թեկնածու, որն այդ համայնքում ոչ միայն գազալցակայան ունի, այլեւ, ըստ թերթի տեղեկությունների, թաղային հեղինակություն է։

«Առավոտ»-ը նկատել է, թե Հայաստանի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 6 փուլով անցկացնելու որոշումը որեւէ լուրջ փաստարկ չունի, ու դա արվել է նախ եւ առաջ քաղաքական նպատակներով՝ զուտ հոգեբանական նշանակության տեսանկյունից: Այն է՝ «իշխանությունները պարզապես խուսափում են Հայաստանի բոլոր մարզերում միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն անցկացնել՝ վախենալով հասարակական հնարավոր ցնցումներից»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG