Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան


«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը երեկվանից դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:

Ընկերության պատասխանատուներից Գարեգին Բաղդասարյանի փոխանցմամբ, Հայաստանում «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն բարձրավոլտ էլեկտրաէներգիան գնում է դրամով, իսկ Վրաստանին վաճառում է դոլարով: Բաղդասարյանի հավաստմամբ, ավելի քան մեկ ամիս է, ինչ ընկերությունը սկսել է վնասով էլեկտրաէներգիա առաքել դեպի Վրաստան:

«Շատ մեծ վնաս էինք կրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Պայմանագիրը աշխատել է 500 դրամի համարժեքով [մեկ ԱՄՆ դոլարը], այսօր 440 դրամ է»:

Ընկերությունը Վրաստանին բարձրավոլտ էլեկտրաէներգիա է վաճառում մեկ կիլովատը 2,75 ցենտով, օրական առաքվում է միջինը 2,45 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Գարեգին Բաղդասարյանի խոսքով, եթե մի քանի ամիս առաջ մեկնարկած դոլարի արժեզրկման առաջին փուլում ընկերությունը առաքումից ընդամենը շահույթ չէր ստանում, ապա վերջին երկու ամսիներին արդեն վնասով էր աշխատում:

Ուստի «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն սկսել է բանակցել վրացական «Թելասի» ընկերության հետ սակագների վերանայման հարցի շուրջ: Մոտ 20 օր առաջ պաշտոնապես գրություն է ուղարկվել «Թելասի» ընկերության ղեկավարությանը՝ առաջարկելով վերանայել պայմանագրով հաստատած սակագները: Վրացական ընկերությանը նաեւ նախազգուշացվել էր, թե հակառակ դեպքում կդադարեցվի էլեկտրաէներգիայի առաքումը:

Ըստ Գարեգին Բաղդասարյանի, «Թելասի» ընկերությունից որոշակի պատասխան առ այսօր չի ստացվել: Վրացական ընկերությունը տեղեկացրել է սոսկ, թե հարցը դեռեւս պետք է քննարկվի Վրաստանի էներգետիկ հանձնաժողովում:

Բաղդասարյանը նաեւ ասաց, թե իրենք դիմել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իջեցնել Հայաստանում գործող սակագինը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նշված խնդրով իրենք չեն զբաղվում:

«Հանձնաժողովը սակագները սահմանելիս նշվում է միայն բարձր շեմը, մնացած հարցերում պայմանավորվածությունը պետք է ձեռք բերեն գնորդն ու վաճառողը», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG