Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթը այսօր փոխանցում է. - «Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն ապրիլի 22-ին, ժամը 18-ին ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնը խորհրդանշող Կոմիտասի հուշարձանին՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության նահատակների: Կանադայի հրապարակ կատարելիք այդ այցը դիվանագիտական շրջանները կարեւոր քայլ են համարում, քանի որ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի նախագահը հրապարակայնորեն կհարգի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը՝ այդպիսով գործնականում վավերացնելով այն օրենքը, որը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանության առնչությամբ»:

« Ով խոսա՝ չխոսա...» վերտառության ներքո «Առավոտ» թերթը արձանագրում է. - «Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում պետականորեն կազմակերպվող միջոցառումները, ինչ խոսք, շատ կարեւոր են: 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել հայության, հետեւաբար եւ՝ մարդկության դեմ գործված քստմնելի ոճիր, որը պետք է վճռականորեն դատապարտվի: Սակայն հանուն արդարության պետք է նկատենք, որ Հայաստանի ոչ բոլոր պետական գործիչները ցեղասպանության մասին աղիողորմ կամ խրոխտ ճառեր արտասանելու բարոյական իրավունքն ունեն»: «Անկռիշ» բիզնեսի ներկայացուցիչները սարսափելի բաներ են պատմում պետական ամենատարբեր՝ հսկիչ, ստուգիչ, լիցենզավորող եւ նմանատիպ այլ կառույցների կամայականությունների մասին», - շարունակում է «Առավոտ»-ը: - «Հիմա ի՞նչ ձեւակերպմամբ բնութագրենք այն երեւույթը, երբ բնակչության մի ստվար խավի մեթոդաբար զրկում են վաստակելու հնարավորությունից: Կամ հավատա՞նք արդյոք այդ նույն զրկողների՝ ցեղասպանության մասին լալահառաչ ճառերի անկեղծությանը»:

«Հայաստանում հեղափոխության կարիք չկա», - «Հայկական ժամանակ»-ին ասել է Լեխ Վալենսան: - «Քանի որ դուք դեռ թշնամի ուժեր ունեք, որ շրջապատում են ձեզ, այդ պատճառով հեղափոխության կարիք չկա: Եվ այժմ համերաշխության, միասին լինելու, միասին գործելու ժամանակն է: Եվ երբ արտաքին իրավիճակը կայունանա, միգուցե դուք նայեք ձեր շուրջը եւ տեսնեք, որ դրա անհրաժեշտությունը կա»: «Ես մեծ հնարավորություններ եմ տեսնում ձեր երկրի առջեւում, եւ այնպես արեք, որ հեղափոխությունը չոչնչացնի դրանք», - ասել է Լեխ Վալենսան՝ Ցեղասպանության վերաբերյալ էլ ավելացնելով. - «Ես կարծում եմ, որ ձեր հանդեպ տեղի ունեցած անարդարության եւ ձեր տառապանքների համընդհանուր ընդունումը հնարավոր է միայն գլոբալիզացիայի միջոցով: Ես որեւէ այլ ուղի չեմ տեսնում»:

«Հայոց աշխարհ»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Լեհաստանի Սեյմի որոշումը, որն այս տարվա ապրիլի 19-ի իր նիստում ընդունել է բանաձեւ, որով ճանաչվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մեծ տառապանք պատճառեցին ինչպես թուրքերին, այնպես էլ հայերին, միակողմանի գնահատական տալն ու դրանք որպես տեղահանություն բնութագրելը, անպատասխանատու քայլ է», - մատնանշում է Թուրքիայի արտգործնախարարությունը: - «Սեյմի այդօրինակ գործողությունները չեն համապատասխանում թուրք եւ լեհ ժողովուրդների միջեւ 800-ամյա պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններին»:

«Իրավունք»-ը մատուցում է, որ ապրիլի 20-ին Սեւան քաղաքում «Նոր ժամանակներ» կուսակցության անցկացրած արտոնված հանրահավաքի մասնակիցների շարքերում եղել են նաեւ այնպիսի անձնավորություններ, ովքեր Սեւանի բնակիչներ չեն: «Նրանցից Գարեգին անունով մեկը ներկայացել է հանրահավաքի մասնակիցներին որպես գեներալ Մանվելի ջոկատում կռված եւ «Սեւանի ավազանն ազատագրած» հերոս», - փոխանցում է «Իրավունքը»-ը: - «Ստեղծված քաշքշուկի մեջ Գարեգինը, ըստ ականատեսների, գործի դնելով իր մոտ եղած ատրճանակը, կրակել է «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցչի վրա: Բնականաբար, այս միջադեպը միտված էր նաեւ որոշակիորեն կասկածների սլաքն ուղղել դեպի պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը»: Թերթը գրում է նաեւ, թե արձագանքելով տեղի ունեցածին, «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Արա Կետիկյանը ասել է. - «Նման կասկածները լիովին անհիմն են եւ շինծու: Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով կրակում են միայն ադրբեջանցիների վրա»:

«Առավոտ»-ում Սեւանում տեղի ունեցածի վերաբերյալ տեսակետ է հայտնել «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: «Այստեղ մի քանի ուշագրավ զուգադիպություններ կան: Մամուլում շուրջ երեք ամիս առաջ հրապարակվեց տեղեկություն, ըստ որի Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանը ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համատեղ իբր ծրագրել էր Արամ Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացնել հեղափոխություն», - ասել է Ալեքսան Կարապետյանը: - «Ինչո՞ւ հիշատակեցի այս՝ այդպես էլ անարձագանք մնացած լրատվությունը: Պատճառը մեկն է՝ ակնհայտ է, որ Սեւան քաղաքում Կառլոս Պետրոսյանը ունի բազմաթիվ հարազատներ եւ ընկերներ.. Իսկ այս փաստերի զուգադրումից ծագում են մի քանի հարցադրումներ: Առաջին, հնարավո՞ր է արդյոք, որ Սեւանի սադրանքը կազմակերպված է եղել Կառլոս Պետրոսյանի համակիրների կողմից, որ փորձեն ապացուցել, թե առնչություններ չունեն Արամ Կարապետյանի հետ: Երկրորդ. գուցե տեղի իշխանիկնե՞րն են խանգարելով հանրահավաքը՝ ցանկացել Կառլոս Պետրոսյանին ապացուցել, թե այսօր իրենք են Սեւանում եղանակ ստեղծողները, եւ ոչ թե Կառլոս Պետրոսյանի մերձավորները: Եվ երրորդ. գուցե սադրանքը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից՝ այն գիտակցումով, թե հայ մարդը շատ գթասիրտ է «հալածվողների» նկատմամբ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG