Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյան. «Ես կկիրառեմ օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները»


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը չորեքշաբթի օրը ասել է, որ եթե մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը «ԱրմենՏել»-ը եւ «Ղ-Տելեկոմ»-ը չստորագրեն լծորդման պայմանագիրը, ապա Տրանսպորտի եւ կապի նախարարությունը նրանց կպարտադրի համաձայնության գալ:

«Եթե նրանք համաձայնության չգան, ապա կարգավորող մարմինը իրավասու է, համաձայն օրենքի եւ լիցենզիայի, հրավիրել երկու կողմերին եւ կարգավորողի առաջադրած պայմաններով կողմերը [պետք է] ստորագրեն այդ լծորդման պայմանագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Անդրանիկ Մանուկյանը: - «Մեր խնդիրը այն է, որպեսզի շուտ ստորագրվի այդ լծորդման պայմանագիրը, որպեսզի երկրորդ օպերատորի մուտքը ավելի արագանա, լինի մրցակցություն»:

Երկրորդ օպերատորը՝ «Ղ-Տելեկոմ»-ը, բջջային կապի շուկայում աշխատելու համար պետք է վարձակալի «ԱրմենՏել»-ին թիվ 60 լիցենզիայով տրված կապուղիները: «ԱրմենՏել»-ի առաջարկած պայմանները, սակայն, «Ղ-Տելեկոմ»-ին չեն բավարարում:

«ԱրմենՏել»-ը ցանկանում է, որ այդ վարձավճարները լինեն բարձր, «Ղ-Տելեկոմ»-ը ցանկանում է, որպեսզի այդ վարձավճարները լինեն ցածր», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Այդ իսկ պատճառով, իմ պահանջով, արդեն երկրորդ շաբաթն է՝ նրանց աշխատանքային խմբերը աշխատում են, եւ ես հույս ունեմ, որ այս շաբաթ նրանք կգան համաձայնության: Եթե համաձայնության չգան, որպես կարգավորող, ես կկիրառեմ օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG